Վարչապետը չափազանց կարևոր է համարում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը

Լաչինի միջանցքով ազատ և անխոչընդոտ  տեղաշարժ ապահովելու վերաբերյալ  Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջևպետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը: Իսկ հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը: