«Զույգերը կարող են պատվաստվել և հաջորդ օրն էլ արտամարմնային բեղմնավորում կատարել». բժշկական գիտությունների դոկտոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Վերարտադրողական կենտրոնի տնօրեն,  բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանը

– Պարո՛ն Համբարձումյան, հատկապես երիտասարդների շրջանում տիրապետող է այն մտայնությունը, որ պատվաստումն ազդում է մարդու վերարտադրողական առողջության վրա, անպտղություն  առաջացնում: Դուք մասնագիտական տեսանկյունից խնդրում եմ բացատրեք՝ այդպե՞ս է:

– Իրականությունը շատ պարզ է. ոչ մի տվյալ երբևիցե չի եղել, որ հաստատի կամ նույնիսկ կասկածի առիթ տա, որ պատվաստումը կարող է անպտղության բերել: Երբեք նման բան չի եղել: Դա 100 տոկոս մտացածին տեղեկություն է, միֆ է, թե վախ է՝ չգիտեմ: Նման տվյալ չկա:

Հակառակը՝ աշխատանքները, որ կատարվել են վերջերս, երբ ԱՄՆ-ում սկսեցին պատվաստումները, կատարվեցին հետազոտություններ, և պատվաստված կանայք, որոնք նույնիսկ չեն պլանավորել հղիություն, հղիացել են և ոչ մի տարբերություն: Տասնյակ հազարավոր կանանց, ինչպես նաև տղամարդկանց մոտ որևէ խնդիր չի հայտնաբերվել:

Եվ մեկ հանգամանք էլ եմ ուզում ընդգծել՝ այն կանայք, որոնք պատվաստված են եղել ու վարակվել են քովիդով, նրանց մոտ հղիությունը բարեհաջող է անցել, մեռելածնություն, վիժումներ քիչ են եղել: Այսինքն՝ կարելի է նույնիսկ ասել, որ նման դեպքերում պատվաստումը վերարտադրողական բժշկությանը մեծ օգուտ է բերել:

– Անկախ պատվաստանյութի տեսակի՞ց:

– Դա՝ կոնկրետ Միացյալ Նահանգներում, որտեղ կիրառվում են «Մոդեռնա», «Ֆայզեր», և Եվրոպայում, որտեղ կիրառելի է «ԱստրաԶենեկա»: Վերջերս Ամերիկյան վերարտադրողական բժշկության ասոցիացիան վերջապես տվեց մասնագետներիս շատ հուզող հարցերի պատասխանը՝ կարելի՞ է արդյոք, պե՞տք է և որ օրերին պատվաստել այն զույգերին, որոնք անպտղություն են բուժում: Այդ հարցը մեզ՝ վերարտադրողական առողջությամբ զբաղվող բժիշկներիս շատ էր հետաքրքրում, քանի որ կան զույգեր, որոնք արտամարմնային բեղմնավորման համար գալիս են ու հետաքրքրվում՝ սպասե՞ն, թե՞ հիմա անեն:

Այդ հարցերը կախված էին օդում: Բայց հիմա արդեն 100 տոկոսանոց պատասխան կա՝ կարող են պացիենտի ցանկացած օրն էլ արտամարմնային բեղմնավորում անել: Թեկուզ կարող են պատվաստվել ու հաջորդ օրը արտամարմնային բեղմնավորում անել, այս աստիճան վստահություն կա պատվաստման նկատմամբ: Ոչ մի վերապահում գիտությունը, բժշկությունը չեն տալիս, այսինքն՝ պատվաստվեք ու երբ ուզում եք հղիացեք: Հակառակը՝ միայն ու միայն կպաշտպանի, եթե հիվանդանան քովիդով:

– Պարո՛ն Համբարձումյան, ձեր կոլեգաներից Սևադա Հակոբյանը հրապարակել էր մի հետազոտության արդյունքներ, որոնց համաձայն՝ երիտասարդների մոտ քովիդով հիվանդանալուց հետո արձանագրվել է ազոոսպերմիա՝ սերմնաբջիջների բացակայություն է: Ըստ նրա՝ այդ արդյունքն արդեն մի քանի անգամ եղել է: Դուք էլ եք մասնագետ, խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է այդ հիվանդությունը նման բարդություններ առաջացնել:

– Այո՛, Սևադային շատ լավ եմ ճանաչում ու հարգում և հաստատում եմ նրա ասածը: Ազոոսպերմիան ամենավատ բանն է, որ կարող է լինել տղամարդկանց մոտ, խաթարել նրանց վերարտադրողականությունը: Ազոոսպերմիա նշանակում է սերմի, սերմնաբջջի տոտալ բացակայություն, այսինքն՝ 100 տոկոսանոց անպտղություն: Այսինքն՝ ամենավատ բանը, որ կարող է առաջացնել քովիդը տղամարդկանց մոտ, դա հենց բժշկի նշած ազոոսպերմիան է, անպտղությունը:

Եթե անձը պատվաստվի, այդ երևույթը նրա մոտ չի լինի. քովիդն ունի ծանր հետևանքներ, իսկ պատվաստումը հետևանք չունի՝ սրանից պարզ բացատրել հնարավոր չէ:

Կամ թողնում եք, հիվանդանում եք քովիդով ու գալիս ասում՝ բժի՛շկ ջան, բուժիր, կամ էլ պատվաստվում եք ու ինքներդ հաղթահարում այդ խնդիրները:

– Դուք հավանաբար ուսումնասիրել եք՝ ինչո՞ւ են տարածվում նման տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ինչ-որ շահե՞ր կան, ո՞րն է խնդիրը, որ հանրությունը դրանք հեշտորեն ընդունում է:

– Պարզապես հակաքարոզչություն, որը Հայաստանում ունի քաղաքական ենթատեքստ: Ցանկացած երկրում կա բնակչության մի փոքր մաս, որը դեմ է պատվաստմանը, հավատում է, որ երկիրը տափակ է և նման ամեն տեսակ հիմարությունների: Միաժամանակ պետք է հասկանալ, որ պատվաստումների ագրեսիվ քարոզչությունը նպաստում է այդ խմբերի շատացմանը:

Հայաստանում այս ամենը քաղաքականացված է, և պայքարը պատվաստումների դեմ գնում է շատ անբարո ձևով, մարդկանց առողջության հետ խաղալով:

Բայց հիմա կարծես այդ համառությունը կոտրվում է, և պատվաստման գործընթացը առաջ է շարժվում:

Խնդիրն այն է, որ և՛ առողջապահության նախարարությունը, և՛ բժիշկներս չէինք մտածում, որ ուղեղի նման լվացում կկատարվի, որ մարդիկ ուղղակի կսարսափեն «վակցինա» բառից նույնիսկ, և արդյունքում պատվաստման տեմպերով մենք կհավասարվենք աֆրիկյան երկրների մակարդակին: Ուղղակի սարսափելի վիճակ է, երբ մարդկանց դրդում են մահվան: Այս վիճակը մեր ազգին վայել չէ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am