Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան 95 հասցեում այսօր իր դռները բացեց Տաշիրի համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնը:
Այսուհետև այս կենտրոնում քաղաքացիներ կարող են ստանալ բոլոր այն ծառայությունները, որոնք նախկինում ստանում էին տածքային զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով և Սոցիալական ապահովության տարածքային բաժին դիմելիս:
«Շնորհավորում եմ բոլոր տաշիրցիներին, և վստահ եմ, որ սա հնարավորություն է՝ մեր աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու՝ հանուն Հայաստանի և ՀՀ քաղաքացու: Հիշեցնեմ, որ այսպիսի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ ստեղծվել են և ստեղծվելու են տարբեր մարզերում ևս: Շնորհակալություն եմ հայտնում այս գործում ներգրավված բոլոր անձանց, որովհետև առանց համատեղ ջանքերի հնարավոր չէր լինի իրականացնել այն, ինչ իրականացրել ենք և պետք է իրականացնեինք»,- այս մասին կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախկինում բոլոր այս ծառայությունները քաղաքում տեղակայված էին տարբեր վայրերում` հիվանդանոց, մարզպետարանի շենք, այժմ կգործեն 1 պատուհանի սկզբունքով` քաղաքացին կենտրոնում կստանա իր բոլոր հարցերի պատասխանները: Տաշիրի ՀՍԾՏԿ-ի շինությունը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան 95 հասցեում՝ քաղաքի կենտրոնական մասում, որը շատ հարմար է համայնքի շահառուների համար: Ընդհանուր մակերեսը 605 մ/ք է:
Կենտրոնում աշխատում է 15 մարդ: Նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները։ Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակիից բխող մեկ համալիր պատասխան։
«Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք աղքատությունը, ինչպես հաղթահել ենք հուսահատությունը: Մենք պետք է ապահովենք հնարավորություններ մարդկանց՝ իրենց երկրում ու համայնքում ապրելու համար: Շատ կարևոր է այսպիսի պայմանների ստեղծման հետ միաժամանակ բարձրացնել քաղաքացիների նկատմամբ հոգատարությունը: Ամենակարևորը, որ նմանատիպ կենտրոններ այցելելիս քաղաքացին պիտի ստանա, հոգատարությունն ու հարգանքն է:
Եվ նույնքան կարևոր է սոցիալական ոլորտում աշխատողների հարմարավետությունը, որովհետև ամենախոցելի խմբերի հետ աշխատող մարդիկ ևս ունեն ուշադրության, հոգատարության կարիք: Շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար, որովհետև առանց ձեզ, ձեր աշխատանքի ու նվիրվածության հնարավոր չի լինի լուծել մեր երկրի խնդիրները: Ես խնդրում եմ, որ դուք ապահովեք պետություն-քաղաքացի երկխոսությունն ու համագործակցությունը: Եվ հատուկ շնորհակալություն կենտրոնի ստեղծման համար աշխատած ողջ թիմին՝ հին և նոր աշխատակիցներին, բոլոր անձանց, ում շնորհիվ այս կենտրոնն իրականություն է այսօր ու բացում է իր դռնելրը մեր քաղաքացիների առաջ»,- ասել է նախարարը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով իրականացվող «Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում նախատեսված է 2015-2020 թթ. ընթացքում ստեղծել համալիր սոցիալական ծառայությունների 36 տարածքային կենտրոններ (ՀՍԾՏԿ-ներ):
Այսպիսով, ընթացքում են Ստեփանավանի ՀՍԾՏԿ-ի շինաշխատանքները, ավարտվել են Վանաձորի, Թալինի, Ամասիայի, Մալաթիա-Սեբաստիայի, Հրազդանի, Տաշիրի, Ախուրյանի, Ծաղկահովիտի, Շենգավիթի ՀՍԾՏԿ-ների շինարարական աշխատանքները: Արդեն վաղը տեղի կունենա Ախուրյանի կենտրոնի բացման արարողությունը: