Այժմ Արցախում դիրքային պատերազմ է ընթանում․ Սեյրան Օհանյան

Այսօր Արցախում է ողջ հայությունը։ Ցանկացած գիտակից մարդ այսօր Արցախի կողքին է։ Այդ մասին քիչ առաջ Արցախի տեղեկատվական կենտրոնում հայտարարեց Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով, Արցախի պաշտպանության բանակը այս պահին պրոֆեսիոնալ է իր բոլոր գործողություններում և ամբողջությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրը։ «Տեսնելով Պաշտպանության բանակի հրամանատար Հարությունյաի կողմից զորքերի կառավարման բարձր մակարդակը և որակը, հասկացա, որ իմ օգնության կարիքը չկա», -հայտարարեց նա։

Նախկին նախարարն ասաց, որ արդեն հինգ օր է՝ մարտական գործողություններ են իրականացվում և այժմ դիրքային պատերազմ է ընթանում։

«Թշնամու հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել մարտավարական խորության մոտ 10-15 կմ Արցախի պաշտպանության բանակի խորություն և այնուհետև պարտադրանքի լեզվով խոսել ԱՀ և ՀՀ ղեկավարության հետ բանակցային գործընթացում։ Ըստ էության նրանք խախտել են մեր պայմանավորվածությունը՝ ուժ չկիրառեու մասին։ Այսօր կարելի է ասել դիրքային պատերազմ է ընթանում։ Իսկ դրա ժամանակ անմիջական շփման պայմաններում տեղի են ունենում հակազդեցության, սպառազինության և ռազմական տեխնիկայի, օդուժի կիրառմամբ, ինչպես նաև ստորաբաժանումների համապատասխան գործողություններ», -հայտարարեց Օհանյանը։