Սահմանային նոթեր Տավուշի մարզից

Սահմանային նոթեր Տավուշի մարզից
Սահմանային նոթեր Տավուշի մարզից

«Հայկական Ժամանակ» -Երբ սեպտեմբերի 3-ի երեկոյան լրահոսում ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզի գյուղերի գնդակոծությունների մասին լուրեր հայտնվեցին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի, կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի, կուսակցության անդամ Կարո Ղուկասյանի հետ՝ իրադարձությունների թատերաբեմ մեկնելու որոշում կայացրեցինք:

Կեսգիշերն անց արդեն մոտենում էինք սահմանամերձ գյուղերին եւ երեւանյան լրահոսի ֆոնին զարմանալի էր, որ տագնապալի որեւէ ազդանշանի չէինք հանդիպում: Ավտոճանապարհներին ոստիկանական կամ զինվորական ուղեկալներ չկային, եւ երբ հասանք Սեւքար գյուղ՝ «զարմանալի» մի տեսարանի ականատես դարձանք. գյուղը քնած էր:

Այդ պահին գիտեինք արդեն, որ մի քանի ժամ առաջ Սեւքարը հրետանային երկու հարված է ստացել եւ սպասում էինք տագնապալի իրարանցում տեսնել գյուղամիջում ու թաղերում: Մեկնելու նպատակը մեծ հաշվով հենց սա էր. այդ տագնապալի պահին լինել մարդկանց կողքին, օգտակար լինել ինչ-որ հրատապ հարցերի կարգավորման գործում: Բայց այն վիճակը, որում գտանք Սեւքար գյուղը, հաճելիորեն զարմացրեց մեզ. շուրջը լռություն էր: Բայց գյուղապետ Թաթուլ Թելոյանի աշխատասենյակի լույսը վառվում էր. վերջինս մնացել էր՝ կարծես հսկելու գյուղի անդորրը:

Սեւքարի, առավելեւս նրա երիտասարդ գյուղապետի համար սա ըստ էության նոր իրավիճան է, որովհետեւ վերջին անգամ ադրբեջանական արկերը այս գյուղ են հասել 1993 թվականի հունվարին: Ու հասկանալի է, որ անսպասելի պայթյուններն իրարանցում են առաջացրել: Բայց 24 ժամը բավարարել է, որպեսզի գյուղը դուրս գա իրարանցման այդ վիճակից: Դրանում համոզվեցինք նաեւ առավոտյան գյուղ այցելելով: Գյուղամիջում մարդիկ սովորականի նման խաղաղ զրուցում էին, երեխաները խաղում էին մանկապարտեզի բակում, գյուղապետարանի հանձնաժողովը նոր էր վերադարձել հրետակոծության արդյունքում վնասված վայրերի շրջայցից: Սեպտեմբերի 2-ի երեկոյան Սեւքար գյուղի մեջ վեց արկ է պայթել, որոնցից չորսը՝ այգիների ու ճանապարհի հատվածում եւ էական վնասներ չեն առաջացրել, իսկ երկուսի հասցրած վնասները էական են:

Դրանցից մեկը պայթել է քարե ցանկապատի հենց հիմքում ու ավերել պատի մի հսկայական մասը: Տանտիկինը հուզված պատմում է, որ որդին մեքենայով պայթյունից մի քանի րոպե առաջ է վերադարձած եղել եւ բակ մտնող դարպասները բացելու համար մեքենայով կայանել է հենց այն վայրում, որտեղ րոպեներ անց որոտացել է պայթյունը: Արցունքն աչքերին նա փառք է տալիս Աստծուն, որ ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել:

Երկու քուչա վերեւ արկը զարկել է պատին ու միջանցիկ անցք բացել տանտերերի ննջարանում: Ծակված պատի բեկորները թափված են մահճակալին: Ժամը շուտ է եղել քնելու համար եւ տանտերերը գտնվելիս են եղել ննջարանի հակառակ կողմում: Շատ մեծ է հավանականությունը, որ Սեւքարին միջին տրամաչափի թնդանոթով են խփել, որովհետեւ ականանետի պայթյունից հետո սովորաբար ականի պոչի մասը ամբողջական է մնում եւ գյուղացիները գտնում են դրանք: Սեւքարում ականի պոչեր կարծես չեն հայտնաբերվել, եւ միայն բեկորներ: Սեւքարի գյուղապետարանի ներկայացուցիչը մի բեկոր էլ մեր ներկայությամբ գտավ եւ ես տանտերերի թույլտությամբ այն վերցրեցի որպես հիշատակ:

Բայց առավոտյան մեր առաջին կանգառը բազմաչարչար Բերքաբերն էր: Բազմաչարչար, որովհետեւ՝ որտեղ գնդակոծում են, Բերքաբերում գնդակոծում են, որտեղ չեն գնդակոծում, Բերքաբերում միեւնույն է՝ գնդակոծում են: Այս գյուղը ադրբեջանական դիրքերից Բերքաբերի փոքրիկ ջրամբարն է անջատում եւ ադրբեջանական ափից այն կարելի է գնդակոծել նաեւ պարսատիկով:

Վաղ առավոտյան բերքաբերցիները գյուղամիջում Ադրբեջանի երկրաշարժն էին քննարկում: Գյուղապետ Արթուր Մադաթյանն ասում էր, որ իր աշխատասենյակում բավական ուժեղ ցնցումներ է զգացել: Վերջինիս հետ՝ ադրբեջանական դիրքերի համայնապատկերը դիտելու համար բարձրանում ենք գյուղի գերեզմանատուն ու այստեղ տեսնում գնդակոծություններից ու հրետակոծություններից ջարդված, ճաքած, խոցված գերեզմանաքարեր: Հետո մտանք մի բակ, որտեղ գիշերը ական էր պայթել: Տանտերերը նոր էին նորոգել տանիքը, բայց նախորդ գիշերվա բեկորները բավականին վնասել էին այն: «20 տարի տանիքը չէինք նորոգում, մտածելով կրակոցի տակ է, նորոգեցինք՝ թուրքերը շնորհավոր արին»,- ասում է տանտերը: Այս տունը սեւանցի հարս ունի, ով համընդհանուր հոգատարության սուբյեկտ է: Բոլորը առանձնահատուկ հոգ են տանում խաղաղ տեղերից առաջին գիծ եկած հարսի մասին, եւ իրավիճակի սրման դեպքում աշխատում հորանց ուղարկել, մանավանդ որ ամուսինը Ռուսաստանում է:

«Էս գիշեր սալյուտ էր, տրանսիրով էին կրակում»,- պատում է գյուղացիներից մեկը եւ ասում, որ գնդակոծությունների ժամանակ հիմնական խնդիրը երեխաներն են, որոնք հասկանալիորեն վախենում լացում են պայթյունների պատճառով: «Ուժեղ գնդակոծությունների ժամանակ երեխաներին գյուղից տանելը ճիշտ է, հոգեկան տրավմա են ստանում»,- բացատրում է մեկ ուրիշ գյուղացի: Բայց գյուղի ճամփան ուղիղ նշանառության տակ է եւ գյուղ մտնել-դուրս գալիս կարելի է հեշտությամբ խոցվել հակառակորդի կողմից: Նախորդ գիշեր երեխաներին հարեւան գյուղ տանելիս բերքաբերցիներից մեկը վթարի է ենթարկվել, եւ միայն հրաշքով մեքենայի ուղեւորներից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել. «Ֆառերն անջատած ա քշել, որ թուրքերը չխփեն, ու գլորվել ա ձորը»,- պատմում են գյուղացիները: Խնդիրն այն է, որ Բերքաբերի ճանապարհն անբարեկարգ է, եւ հնարավոր չէ գոնե արագ ընթացքով անցնել վտանգավոր հատվածները: Ճանապարհի նորոգումը բերքաբերցիները հրատապ խնդիր են համարում:

Բայց երեխաներին անվտանգ տեղ տանելիս մեկ ուրիշ դժվարության էլ են հանդիպում. «Երեխեքին տանում ենք Իջեւան, ետ գալիս՝ Երեւանից, Իջեւանից զանգում են, թե բա էդ ինչ ա, վախեցել եք փախե՞լ: Դեմից թուրքերն են կրակում քիչ չի՝ մի հատ էլ զանգերով են մեզ տանջում»,- բացատրում են բերքաբերցիները եւ հակադարձում, որ կռվի ժամանակ 125 տնտեսություն ունեցող գյուղում 120 տղամարդ զենք է վերցրել ու հիմա էլ կվերցնի, երբ անհրաժեշտ լինի: Եթե նույնիսկ չկրակեն, Բերքաբերում կյանքն իսկապես ամենօրյա պայքար է, որովհետեւ գյուղի հողերի մեծ մասը մնացել է ջրամբարից այնկողմ, այսինքն՝ ադրբեջանցիների հսկողության տակ, իսկ վերջին տարիներին գյուղի սարատեղերն էլ կառավարությունը վերցրել, տվել է մեկ ուրիշ համայնքի: Հիմա գյուղը ոչ կարգին արոտավայր ունի, ոչ կարգին սարատեղ, ոչ կարգին վարելահող:

«Էն տարի գնացինք մեր հին սարատեղը, համարյա կռիվ էր դառնում: Ասում ենք՝ տղերք, որ թուրքերի հետ պիտի հողի համար կռիվ անենք, գիտեինք, բայց որ հայերի հետ էլ պետք է հողի կռիվ տանք՝ էդ արդեն չեղավ»,- պատմում են դառնացած բերքաբերցիները: Գյուղ մտնելիս էլ, դուրս գալիս էլ՝ նայում եմ դեպի բակերը: Համարյա ամեն տան առաջ բակը ավլող կին կա, կացինը ձեռքին տղամարդ: Տեղ-տեղ մուրաբա են եփում, կամ լոբի փակում: Գյուղը ապրում է: Ոչ էնպես, ինչպես կարող էր, կամ ինչին արժանի է, կամ ինչպես պետք է: Բայց գյուղը ապրում է ու մենք պետք է պինդ բռնենք էս կյանքի կոչը, խնայենք ու խնամենք էդ կյանքը, որովհետեւ 25 տարի թուրքի նշանառության տակ էս գյուղը ապրել է, որ հաղթի: Ու չի կարելի թույլ տալ, որ հաղթանակի այդ անթեղված հույսը մարի:

Բայց ի՞նչ անել, ի՞նչ անել, որ Բերքաբերը, Սեւքարը, Այգեպարը, Մովսեսը, Վազաշենը ծաղկեն, զարգանան, ուժեղանան:

Ներքին Ծաղկավանն էլ հարյուրավոր հեկտարով վարելահող ունի, բայց բացարձակ ոռոգման ջուր չունի: Խորհրդային տարիներին ոռոգվել է Բերքաբերի ջրամբարից պոպմի միջոցով մղվող ջրով: Հիմա Բերքաբերի պոմպակայանը չկա, խողովակաշարերը կամ կան, կամ չկան, ու առանց մի կաթիլ ոռոգման ջրի գյուղացին հո՞ղ է մշակում: «100 կլիո սերմացու ցորեն են տվել, ասել են 200 կիլո պետք ա ետ տաս: Երաշտ ա եղել, ո՞նց ետ տամ: Ասում են տուր, թե չէ դատի ենք տալիս»,- գյուղամիջում պատմում է ծաղկավանցիներից մեկը: Ասում եմ՝ դե անջրդի հողում ի՞նչ բերք պետք է լինի: «Չորս տարին մեկ ուժեղ բերք ենք ունենում»,- բացատրում է մեկ ուրիշ ծաղկավանցի եւ շարունակում. «Էս տարի, օրինակ, ուժեղ ցորեն եղավ»: Ես շրջվում ու բողոքող գյուղացուն հարցնում՝ բա էդ ո՞նց ա, որ ուրիշները լավ բերք են հավաքել, Դուք բերք չունեք: Գյուղացին մի պահ լռում է, ապա ասում. «Ես էս տարի չեմ ցանել»: Համագյուղացիները շարունակում են. «Չորս տարի որ բերք չկար, պարտաճանաչ ցանում էր, էս տարի որ առատ բերք տվեց՝ չի ցանել»,- խնդմնդալով ասում են նրանք, հասկանալիորեն բորբոքելով տուժած համագյուղացու զայրույթը:

Նախորդ օրը ադրբեջանական ականը հենց այս գյուղացու գոմի տանիքն է քանդել. իսկապես որ,  կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Գյուղապետ Նաիրի Աթաբեկյանն ասում է, որ ականի պայթյունի հասցրած վնասը արձանագրել են եւ պետք է ներկայացնեն մարզպետարան:

Սարիգյուղում կարճ կանգառից հետո շտապում ենք Վազաշեն, որտեղ նախորդ գիշեր երեք տուն է խոցվել եւ երեք մարդ վիրավորվել է: Գյուղապետ Լորիկ Բադիրյանի աշխատասեղանին ականի յոթ հատ պոչ է շարած ու բազմաթիվ բեկորներ:

Նախորդ օրը վիրավորվածները Պառավաքար գյուղի բնակիչներ են, ովքեր Վազաշենում աշխատելիս են եղել: Պայթյունը որոտացել է երկու մետր այնկողմ, ու փաստորեն հրաշք է տեղի ունեցել, որ երեքն էլ ողջ են մնացել: Վիրավորներից մեկին հիվանդանոցից դուրս են գրել վերքերը մշակելուց անմիջապես հետո, որովհետեւ աննշան քերծվածքներ են եղել: Երկուսը դեռ գտնվում են «Իջեւան» բժշկական կենտրոնում: Նրանց կյանքի վտանգ չի սպառնում, չնայած՝ վիրավորներից մեկը ոչ ծանր վիրահատության կարիք ունի: Վազաշենից անմիջապես ներքեւ երեւում է ադրբեջանական Ջաֆարլու գյուղը, եւ գյուղամիջում քննարկում են, թե հայկական զինուժի պատասխանը ինչպիսին պետք է լինի եւ ինչ ուղղությամբ:

– Ղազախին ա պետք խփել, Ղազախին,- պնդում է գյուղացիներից մեկը:

– Էդ արդեն լրիվ պատերազմ ա,- չի համաձայնվում մյուսը:

– Հիմի էլ ա պատերազմ էլի: 25 տարի ա պատերազմ ա: Դե թող պատերազմ լինի, մտնենք  դրանց սաղ դիրքերը մաքրենք: Կստացվի, կստացվի: Չի ստացվի, չի ստացվի: Սենց ինչքան ա ձգվելու:

– Ջաֆարլուն, Ջաֆարլուն ա պետք ստեղից ռադ անել,- ջղայնանում է մեկ ուրիշ գյուղացի:

– Ինչ եք Ջաֆարլու, Ջաֆարլու անում: Կռիվը մեր գյուղից հեռացնելն ա՞ մեր խնդիրը: Ընդհանուր ա պետք մտածել,- միջամտում է առավել տարեցը ու նրա հետ համաձայնվում են:

Վերջում գյուղացիների ընդհանուր եզրակացությունն այն է, որ թուրքերը էս ամենն անում են, որ մեզ ներվայնացնեն, հունից հանեն, խելքից քցեն: Ու գյուղամեջը հանդարտվում է:

Հ.Գ. Նախորդ գիշեր Բերքաբեր- Ներքին Ծաղկավան-Սեւքար-Վազաշեն հատվածում ոչ մի կրակոց չի հնչել: Տա Աստված այս խաղաղությունը տրածվի սահմանի ողջ երկայնքով:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ