«աՖտոմեքենա»․ ԿԳՄՍՆ-ն պնդում է՝ առաջին դասարանի աշխատանքային տետրը երաշխավորված չի եղել նախարարության կողմից. Factor

Ֆեյսբուքում երեկ լուսանկար էր տարածվել, որում պատկերված է առաջին դասարանցու աշխատանքային տետր՝ ուղղագրական սխալներով։  Ըստ առաջադրանքի՝ աշակերտը պետք է «ավտո» արմատ ունեցող բառը միացնի «տնակ», «մեքենա» և «կայան» բառերին և նոր բառեր կազմի։ Այնինչ՝ առաջադրանքը տեղ է գտել «Ֆ» տառի ներքո։

Factor.am-ն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Կրթության, գիտության, մշակույթի և ստորտի նախարարությունից։ Նախարարի խոսնակ Կարինե Մանուկյանը հայտնեց, որ նշված աշխատանքային տետրը երաշխավորություն չի ստացել գերատեսչության կողմից․ «Նախարարությունը որևէ առնչություն չունի, որպես ուսումնական նյութ՝ այդ տետրը չի երաշխավորվել մեր կողմից։

Միաժամանակ, ուզում եմ տեղեկացնել, առաջին դատարանի համար նախարարության կողմից երաշխավորվել է միայն «Կերպարվեստ» և «Տեխնոլոգիա» առարկաների աշխատանքային տետրերը, որոնց էլեկտրոնային տարբերակները ներառված են «dshh.am» կայքում։ Տետրի ընտրությունը, հավանաբար, կատարել է դպրոցը կամ ծնողը, պատասխանատվությունն այս պարագայում մնում է նրանց վրա»,- նշեց ԿԳՄՍ խոսնակը։

Factor․am-ի հարցին, թե արդյոք նախարարությունը նման տետրերի կամ գրքերի մասով որևէ վերահսկողություն չի իրականացնում շուկայում, Մանուկյանը բացասական պատասխան տվեց։ «Նախարարությունը վերահսկողություն իրականացնելու որևէ գործառույթ չունի։ ԿԳՄՍՆ-ն բազմաթիվ տետրերի միջև ընտրությունը թողել է դպրոցին, որևէ պարտադրանք չկա, թե որն ընտրեն»,- նշեց խոսնակը։