Վաշինգտոնը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հարթել առկա խնդիրները և հասնել խաղաղության համաձայնագրի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է, և երկու երկրների ղեկավարներին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ նա կոչ է արել հարթել դեռևս առկա մի քանի խնդիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ 

«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը մոտ է, և նա դա քննարկել է անմիջապես այդ երկու երկրների ղեկավարների հետ և խրախուսել է նրանց համագործակցել՝ կամրջելու մնացած ընդամենը մի քանի հարցերը։ Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի», – ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ 

Նա նաև անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը Մյունխենի համաժողովի շրջանակներում։

«Ես գիտեմ, որ երկու առաջնորդները հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը համաձայնության հասնելու համար», – նշել է Պետքարտուղարության խոսնակը։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ: Հանդիպումից հետո Փաշինյանն արձանագրել էր, որ կողմերը հավատարիմ են մնում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Առաջիկայում նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այնուհետև՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։