Մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է. Հովհաննիսյանը հերոսական նոր օրինակ ներկայացրեց

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններում հայկական կողմի մարտական ոգին չափազանց բարձր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով մարտի դաշտում հայ սպայի հերոսության նոր օրինակ: 

«Մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է: Մանավանդ`ժամկետային զինծառայողներինը, մանավանդ` երիտասարդ սպաներինը` լեյտենանտներ, ավագ լեյտենանտներ, կապիտաններ, ուղղակի աչքերը փայլում են իրենց ցուցաբերած քաջությունից ու հերոսությունից: Այսօր ծանոթացել եմ մի հրետանավորի հետ, հերոս սպայի հետ, ով կրակը վարել է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ, վիրավորված, մինչև վերջին արկը, մինչև չի հասել դիմացի մարտկոցների ոչնչացմանը, մարտի դաշտից դուրս չի եկել»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսպիսի օրինակները բազմաթիվ են, դրանք ժամանակի ընթացքում կներկայացնեն հանրությանը: