Հայկ Մարությանը վայր է դրել ավագանու անդամի մանդատը.Factor

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։

«Դեռևս որոշ տեխնիկական ընթացակարգեր կան՝ քաղաքապետը պետք է արձանագրություն կազմի այս ամենի վերաբերյալ, սակայն, որպես այդպիսին, կարող ենք ասել, որ պարոն Մարությանը մանդատը վայր է դրել»,- նշեց Կուբատյանը։ Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանին 44 կողմ և 10 դեմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին ու միանգամից մայրաքաղաքի նոր ղեկավար ընտրեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Մարությանի պաշտոնանկության գործընթացը սկսել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, պատճառաբանելով, որ քաղաքապետը չի իրականացնում նախընտրական խոստումները, համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը, դուրս է եկել իշխող կուսակցությունից, խզել է կապն ավագանու իշխող խմբակցության և կառավարության հետ։

Նախքան փակ, գաղտնի քվեարկությունը, խախտելով շուրջ երկու տարվա լռությունը՝ Հայկ Մարությանը ծավալուն ելույթ ունեցավ ու անդրադարձավ այս ընթացքում իր հասցեին իշխող թիմից հնչող քննադատություններին ու մեղադրանքներին։

Ընդգծեց՝ իր համար անընդունելի է, երբ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկիրը միջազգային գործընկերներից գումար է խնդրում մանկապարտեզ ու ճանապարհ կառուցելու-վերանորոգելու համար, իսկ դրան զուգահեռ պետությունը խոշոր ծախսեր է կատարում, օրինակ՝ 200 հազար դոլարանոց մեքենա գնում:

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին։