Թրամփը միլիարդավոր դոլարների հայց է ներկայացրել BBC-ի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 15-ին դատի է տվել բրիտանական BBC-ին՝ մեղադրելով այն զրպարտության և իր խոսքը խեղաթյուրող մոնտաժի մեջ։ Թրամփը պահանջում է մինչև 10 միլիարդ դոլար փոխհատուցում՝ պնդելով, որ BBC-ի «Թրամփ․ երկրորդ շա՞նս» վավերագրական ֆիլմում իր 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի երեք հատվածները մոնտաժվել են այնպես, որ ստեղծվել է բռնության կոչի տպավորություն Կապիտոլիումի իրադարձությունների ժամանակ։

Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

33 էջանոց հայցը ներկայացվել է Մայամիի դաշնային դատարան։ Փաստաթղթում BBC–ին մեղադրում են նախագահ Թրամփին «կեղծ, զրպարտիչ, խաբուսիկ, նսեմացնող, բորբոքիչ և դիտմամբ չարամիտ» կերպով ներկայացնելու մեջ։

Թրամփի իրավաբանական թիմը BBC–ին վերագրում է «համարձակ փորձ» միջամտելու և ազդեցություն գործադրելու 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։

Հայցում պահանջվում է փոխհատուցում՝ յուրաքանչյուր մեղադրանքի համար ոչ պակաս, քան 5 միլիարդ դոլար (մոտ 4.2 մլրդ եվրո) երկու հիմքով՝

  • զրպարտություն,
  • Ֆլորիդայի խաբուսիկ և անբարեխիղճ առևտրային պրակտիկայի մասին օրենքի խախտում։

Թրամփը պնդում է, որ ֆիլմը «անշեջ միջամտություն» էր ընտրություններին և նպատակ ուներ վնասել իր թեկնածությանը։

Սկանդալի հետևանքով հրաժարական են տվել BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News-ի ղեկավար Դեբորա Թերնեսը։ BBC–ն հայտնել է, որ ափսոսում է սխալ մոնտաժի համար և չի պատրաստվում կրկին ցուցադրել ֆիլմը, սակայն հրաժարվել է վճարել Թրամփի պահանջած փոխհատուցումը։