Որոշ քաղաքական ուժեր ակնհայտորեն օգտագործում են հասարակության հոգեբանական վիճակը՝ իշխանության զավթման համար հող նախապատրաստելու նպատակով․ Հայտարարություն

Հասարակական մի քանի կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է․

 «Սիրելի հայրենակիցներ,

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի  խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը։

Բոլորիս պատած վիշտն ու արդարացի ցավը չպետք է մթագնի առողջ բանականությունը։ Չսատարելով որևէ քաղաքական ուժի՝  դատապարտում ենք  նախորդ օրերին տեղի ունեցած բռնության անընդունելի դեպքերը, կոչ ենք անում զերծ մնալ որոշ շրջանակների խաբեության ծուղակն ընկնելուց և պահանջները ներկայացնել ոչ բռնի և օրինական ճանապարհով։ Որևէ իրավիճակում արդարացված չէ բռնության կիրառումը և ռազմական դրության պայմաններում քաղաքական ճգնաժամի հրահրումը։ Արդեն իսկ տեղի ունեցածը՝ ՀՀ ԱԺ նախագահին ծեծի ենթարկելը, Կառավարության և Ազգային Ժողովի շենքերում վայրագությունների իրականացումը, կառավարական առանձնատան, Ազատություն ռադիոկայանի և ԲՀՀ-Հայաստանի գրասենյակների վրա հարձակումները, հավաքների ժամանակ բռնության կոչեր հնչեցնելը խորապես մերժելի և դատապարտելի է։

Որոշ քաղաքական ուժեր, ակնհայտորեն օգտագործում են հասարակության հոգեբանական  վիճակը՝ իշխանության զավթման համար հող նախապատրաստելու նպատակով։ Այս պարագայում կարևոր է չկորցնել զգոնությունը, քաջ գիտակցել , թե ինչ հետագիծ ունեն այս պահին ակտիվություն ցուցաբերող տարբեր կուսակցությունները և անձինք։ Ուշագրավ է, որ վերջիններս հայտարարում են, թե այնուամենայնիվ հնարավոր է հետ կանգնել ստորագրված եռակողմ հայտարարությունից և շրջել իրավիճակը, սակայն չեն առաջարկում որևէ առարկայական այլընտրանքային լուծում կամ բերում քիչ թե շատ ռացիոնալ փաստարկներ։  

Հասարակությունը աներկբա իրավունք ունի բողոքի ձայն բարձրացնելու,  իշխանությանը պատասխանատվության կանչելու, արդարացի պահանջներ ներկայացնելու, սակայն դա պետք է արվի բացառապես ՀՀ Սահմանադրության և օրինականության շրջանակներում։ Ցանկացած իշխանափոխություն Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ միմիայն սահմանադրական կարգով, ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Այս փուլում երկիրն ապակայունացնելու և  հեղաշրջման ուղիով տանելու ամեն փորձ կարող է վտանգել մեր երկրի անվտանգությունը, ընդhուպ մինչև Հայաստանի Հանրապետության բուն գոյությունը։ 

Ստեղծված բարդագույն  իրավիճակում յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր ներուժի չափով պետք է աջակցի Հայաստանում ու Արցախում օր առաջ իրավիճակի կայունացմանն ու բարելավմանը՝ առողջապահական, սոցիալական, կրթական և տնտեսական և այլ հրատապ խնդիրների լուծմանը՝ հանուն պատերազմը վերապրածների և բոլորիս անվտանգության։ Հավատացած ենք, որ առկա ճգնաժամի  հաղթահարման միակ ճանապարհը ծառացած խնդիրների լուծումն է սահմանադրական և օրինական ճանապարհով, բռնության և ապակայունացման իսպառ բացառմամբ»։

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները․

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Քաղաքական երկխոսություն ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Խտրականության դեմ պայքարի ու հանուն հավասարության կոալիցիա 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Հանրային լրագրության ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ

Իզաբելլա Սարգսյան, կրոնագետ

Անահիտ Սիմոնյան, իրավապաշտպան, հետազոտող

Ալեքսանդր Մարտիրոսյան, հաղորդակցության և մեդիա մասնագետ

Ստելլա Չանդիրյան, իրավաբան

Վարդինե Գրիգորյան, հանրային կառավարման մասնագետ

Տաթևիկ Ղարիբյան, իրավաբան

Նիկոլայ Հովհաննիսյան, իրավաբան