Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում. ապրիլի 27-ին նոր կյանք պարգևիր հիշատակման ծաղիկներին

Ապրիլի 27-ին՝ «Երկրի օրվա» միջոցառումների շրջանակներում, Ծիծեռնակաբերդում կիրականացվի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի թերևս ամենախորհրդանշական և գունեղ միջոցառումը՝ ծաղկահավաքը:Այդ մասին տեղեկացնում է հիմնադրամի հաղորդագրությունը:
«Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց: Սակայն Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի յուրահատուկ ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ հիշատակման ծաղիկներին նոր կյանք պարգևել՝ վերամշակելով դրանք: Արդեն երեք տարի է, ինչ անմար կրակի մոտ բերված ծաղիկների ցողուններից պարարտախառնուրդ է ստեղծվում՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը խնամքով հավաքվում են, չորացվում, ապա վերամշակվում: Վերամշակված թուղթը նաև օգտագործվում է շատ խորհրդանշական ձևով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար,-նշված է հաղորդագրության մեջ:

Անհատները, կամավորներն ու կազմակերպությունները հրավիրվում են մասնակցելու գունեղ այս միջոցառմանը: Մասնակցի´ր գեղեցիկ այս նախաձեռնությանը, դարձի´ր կամավոր և նոր կյանք պարգևի´ր` ի նշան հիշատակի նվիրաբերված միլիոնավոր ծաղիկներին` չլռեցնելով քո ձայնը: Ծաղկահավաքին մասնակցելու համար զանգահարիր FPWC, կամ ուղարկիր նամակ [email protected] հասցին»:

© Medialab.am