«Այսօր իշխանափոխություն հնարավոր է երկու եղանակով. ինչ-որ խռովության կամ արտաքին ուժերի միջամտության արդյունքում». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

Պարո՛ն Նավասարդյան, խորհրդարանում ընդդիմությունը կազմակերպել էր լսումներ՝ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հարցի վերաբերյալ» խորագրով: Ընդհանուր քննարկման վերաբերյալ ձեր գնահատականն եմ խնդրում: Հնչած ելույթներն ու առաջարկությունները որքանո՞վ էին համապատասխանում լսումների առիթ հանդիսացած թեմայի բովանդակությանը:

– Միգուցե բովանդակությանը համապատասխանում էին, բայց հայտարարված նպատակին, կարծում եմ՝ ոչ, քանի որ լսումներն այն ժամանակ են արդյունավետ, երբ ինչ-որ լուծումներ են առաջարկում, բայց, ինչպես տեսնում ենք, կարելի է ասել՝ 44-օրյա պատերազմից հետո այս ծանր վիճակից ընդդիմությունից ելքեր փնտրելու հստակ լուծումներ չենք տեսնում, և նման քննարկումները, որոնցից մեկին ականատես եղանք, կարծում եմ, ավելի շատ հուսահատություն ու անորոշություն են առաջացնում հասարակության մեջ, քան նպաստում են մարտահրավերների հաղթահարմանը:

Փաստորեն, այդ խորհրդարանական ելույթների ամբողջ ենթատեքստը տեղավորվում էր ներքին քաղաքական պայքարի տրամաբանության մեջ, այլ ոչ թե վտանգներից պաշտպանվելու կամ ազգային նպատակներն իրացնելու պատասխան էր: Միակ քիչ թե շատ հստակ բանաձևը, որը հնչում էր, այն էր, որ անհրաժեշտ է իշխանափոխություն՝ որքան արագ, այնքան լավ: Բայց դա դժվար է համարել հասարակությանն առաջարկվող ծրագիր, որովհետև իշխանափոխության հասնելու եղանակներն էլ չէին առաջարկվում, իսկ դա, եթե անգամ հասարակության որոշ մասի կողմից ընկալվում է որպես լուծում կամ ելք, ապա դրան հասնելու ճանապարհը ոչ մեկը ցույց չտվեց:

Կարծում եմ, այսօր իշխանափոխություն հնարավոր է երկու եղանակով. ինչ-որ խռովության կամ արտաքին ուժերի միջամտության արդյունքում, բայց այս ճանապարհով իշխանափոխությունը միանշանակ միայն ավելացնելու է անկայունությունն ու վտանգները, որովհետև դրանից հաստատ կօգտվեն տարածաշրջանի այն ուժերը, որոնք Հայաստանի հակառակորդներն են:

Իսկ արտահերթ ընտրությունների ճանապարհով իշխանափոխության գնալու հարցը ներկա ընդդիմությունը չի կարողանում լուծել, դա ոչ միայն չստացվեց 2021-ին, այլ նաև կարծում եմ՝ հավասարապես անհնար է այսօր, ու դա է պատճառը, որ արտահերթ ընտրությունների գնալու հստակ առաջարկ ընդդիմությունը չի հնչեցնում: Անորոշություն ու հուսահատություն՝ սա է այն արդյունքը, ինչին հասան ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանական լսումների ժամանակ:

– Իսկ համակարծի՞ք եք իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե հնչած ելույթները, թեզերը «խիստ նույնական էին ադրբեջանական քարոզչության հետ»:

– Ո՛չ, համաձայն չեմ: Եթե դիտարկենք այդ միջոցառման բացասական հետևանքները հակառակորդների շահերի համընկնման առումով, ապա դա այն է, որ, բնականաբար, Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Հայաստանում լինի հուսահատ հասարակություն, իսկ ես ինչպես արդեն նշեցի, այդ խորհրդարանական լսումները դրան նպաստել են: Այս առումով կարելի է համաձայնել, որ խնդիրների լուծման համար գոնե օգուտ չեն տվել, բայց ես չեմ կարող համաձայնել, որ կոնկրետ բովանդակությունը, նարատիվները, որոնք հնչել են, համապատասխանում են Ադրբեջանի կամ Թուրքիայի նարատիվներին:

Պարո՛ն Նավասարդյան, այդ լսումներին իշխանության ներկայացուցիչներից միայն Գուրգեն Արսենյանը ելույթ ունեցավ, ինչը արժանացավ տարբեր մարդկանց բուռն արձագանքին: Այդ ելույթի վերաբերյալ ձեր տեսակետը խնդրեմ:

– Այդ ելույթը նպաստեց այն ընդհանուր տպավորությանը, որ ես կարողացա ներկայացնել, այսինքն՝ իշխանությունների ներկայությունն այնտեղ օգտակար կլիներ միայն այն դեպքում, եթե նպաստեր կառուցողական բանավեճի ընթացքին, բայց Գուրգեն Արսենյանի ելույթը շատ ագրեսիվ էր ու նույնիսկ նվաստացնող ընդդիմադիրներին և զայրացնող: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ միակ նպատակը, որը հետապնդում էր Գուրգեն Արսենյանը, Նիկոլ Փաշինյանին հաճոյանալն էր՝ որպես համարձակ, ընդդիմության դեմ պայքարող թիմի անդամ: Չգիտեմ՝ միավորներ հավաքեց, թե ոչ, բայց որ ավելի լավ էր չմասնակցեր՝ փաստ է:

– Հաշվի առնելով երևացող ու չերևացող բոլոր խնդիրները, որոնք այսօր կան Արցախի ու Հայաստանի համար, ըստ ձեզ՝ ինչո՞ւ անգամ այս պարագայում իշխանություն-ընդդիմություն նորմալ երկխոսություն չի ստացվում:

– Կարծում եմ՝ այդպիսի նպատակ չեն էլ հետապնդում, որովհետև, ինչպես ցույց է տալիս վերջին մոտ հինգ տարիների փորձը, Հայաստանում չի ձևավորվում այսպես կոչված քաղաքական բազմակարծության ինստիտուտ, երբ տարբեր քաղաքական ուժերի մոտեցումները, սկզբունքները, առաջարկությունները ի վերջո թույլ են տալիս գալ ընդհանուր հայտարարի: Այն ամբողջ բանավեճը, որ վերջին տարիների ընթացքում մենք լսում ենք տարբեր կողմերից, ընդամենը խորացնում է հասարակությունում առկա հակասությունները: Ցանկացած իրավիճակում, երբ նման քաղաքական իրավիճակ է ձևավորվում, դա նախևառաջ, ինչպես բոլոր հարցերում, իշխանական մեծամասնության պատասխանատվությունն է: Այսօրվա իշխող մեծամասնությունը որպես մարտավարություն ընտրել է առճակատումը խորացնելու ճանապարհը, համարելով, երևի, որ դա նպաստում է իրենց քաղաքական հաջողություններին:

– Ձեր խոսքում նշեցիք, որ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու ցանկություն, մեծ հաշվով, երկու կողմն էլ չունի, իսկ իրենց ցանկությունը ո՞րն է՝ մեկի համար իշխանություն պահե՞լը, մյուսինը՝ իշխանության գա՞լը:

– Դա ամենապարզունակ պատասխանը կլինի ձեր հարցին, թեև չի նշանակում, որ պարզունակ պատասխանը ճշմարիտ չէ: Բայց ես չեմ բացառում նաև, որ իշխանության կամ ընդդիմության որոշ մասի շահերից է բխում այսօրվա իրավիճակը, որովհետև դա թույլ է տալիս նրանց պահպանել այն ստատուս քվոն, որը կա, մնալ քաղաքական մակերեսում ու դրանով որոշ հավակնություններ բավարարել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am