Կարեն Կարապետյան. Հեղափոխության ավելորդ գլուխը

Կարեն Կարապետյան. Հեղափոխության ավելորդ գլուխը
Կարեն Կարապետյան. Հեղափոխության ավելորդ գլուխը

Իշխանության դեգեներացիան արդեն սահմաններ չի ճանաչում։ Այդ մարդիկ չգիտեն, թե ի՛նչ է հեղափոխությունը։ ՀՀԿ-ն ուզում է ժամ առաջ հայտարարել արտահերթ ընտրությունների մասին։ Ընդ որում, հեղափոխական ճանապարհով։ Առանց Սահմանադրությամբ նախատեսված գործընթացներն անցնելու։ Այսինքն՝ վարչապետի ընտրությունը կամ կառավարության ծրագիրը երկու անգամ տապալելու։ Քանի փողն ու ԿԸՀ-ն իրենցն են, ուզում են ամեն ինչ արագ անել ու պահպանել իշխանությունը։

Կարեն Կարապետյանն ուզում է իշխանությունը պահել Սահմանադրության անունից, իսկ Նիկոլն ուզում է այն վերցնել հեղափոխության անունից։ Այն, որ Սահմանադրությունն արդեն չի աշխատում, պարզ երևաց Նիկոլ Փաշինյանի առևանգումով և մոտ մեկ օր նրա գտնվելու վայրը գաղտնի պահելով։ Այդ պահից իշխանությունն ընդունեց, որ երկրում հեղափոխություն է և ինքն էլ սկսեց խաղալ հեղափոխության կանոններով։ Եվ դրա համար դեռ կվճարի հեղափոխության ցինիզմով։ Հեղափոխությունը չի ընկալում այդ կուսակցության գոյության յուրաքանչյուր վայրկյանը, որովհետև Սահմանադրությունը հանդուրժել է։

Հիմա ՀՀԿ-ն և Կարապետյանն ուզում են վերադառնալ Սահմանադրության դաշտ։ Այսինքն՝ փողոցն ուղարկում են գրողի ծոցը և Նիկոլին առաջարկում են Սահմանադրությունը ձեռքին մոտենալ բանակցությունների։ Նրանք փողոցի գոյությունն ընդունում են այնքանով, որքանով հենց փողոցն էլ թելադրում է գործողությունների նախնական ընթացքը։

Բայց ՀՀԿ-ն ՀՀԿ չէր լինի, եթե պարզապես ենթարկվեր փողոցին։ Հիմա Սերժ Սարգսյանը չկա, հրապարակի հիմնական պահանջը աշխատել է, իսկ նոր պահանջը դեռ թրծվում է։ Հեղափոխությունը մուխաննաթ բան է։ Նրա տունը փողոցն է։ Ինքը խաղի կանոններ չունի։ Կարճ ասած, հեղափոխությունը լեռների օրենքն է։ Իշխանափոխության դեպքում Սերժ Սարգսյանը կհեռանար մարտի 1-ի ակտիվ դերակատար Ռոբերտ Քոչարյանի պես, հեղափոխության դեպքում՝ Սերժ Սարգսյանը պետք է մտածի ուղղակի մարդկանց ձեռքը չընկնելու մասին։ Հատկապես Փաշինյանին ուղղված «դուք Մարտի 1-ից դասեր չեք քաղել» արտահայտությունից հետո։

Հեղափոխությունը չի հարցնում, թե ինչի՛ կարելի է հասնել ընտրություններով, նա իր զոհին, այս դեպքում՝ Կարեն Կարապետյանին, ասում է՝ փասա-փուսեդ հավաքիր ու գնա։ Հեղափոխությունը նույնիսկ հեղաշրջում չէ։ Հեղաշրջման ժամանակ հեռացողի և եկողի միջև հնարավոր են որոշ համաձայնություններ։ Հեղաշրջումը բոլորի վրա չի տարածվում, հեղափոխությունը գլուխները «թռցնում» է հենց միայն այն պատճառով, որ տվյալ գլուխն անդամակցել է ՀՀԿ-ին։ Այս պայմաններում Կարեն Կարապետյանն այլընտրանք չունի, քան փրկել սեփական գլուխը նույնիսկ ՀՀԿ անդամատոմսը վառելուց հետո։

Փողոցին մնում է վերջին քայլը՝ Կարեն Կարապետյանի հրաժարական և արտահերթ ընտրություններ Ընտական օրենսգրքի ու ԿԸՀ կազմի փոփոխությունից հետո։ Զուտ արարողակարգային առումով այս խորհրդարանը դեռևս պետք է նշանակի ժամանակավոր վարչապետ։ Այսինքն՝ ՀՀԿ-ն վարչապետ պետք է նշանակի Նիկոլին։ Դա ինչպե՞ս է տեղի ունենալու, եթե ՀՀԿ-ն շարունակում է լինել մեծամասնություն։

Մեխանիզմը պարզ է, և այն պիտի իրականացվի հեղափոխության կանոններով և ոչ թե՝ Սահմանադրության։ Որովհետև Սահմանադրության կանոններով չի կարող իշխող կուսակցությունը վարչապետ ընտրել ընդդիմադիրին, ինքը մնա իշխանություն, իսկ ընդդիմությունը դառնա իշխանություն առանց ՀՀԿ-ի հետ կոալիցիայի։ Այսպես չի լինում։ Ուրեմն, Կարեն Կարապետյանը հրաժարական է տալիս։ Նա ԱԺ-ում հայտարարում է, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ է։ Սա կարևոր հայտարարություն է։

Սա պետք է, որպեսզի հետո չասվի, թե վարչապետի ընտրությունը անօրինական ճանապարհով է եղել։ Հիմա Սահմանադրությունը չունի հեղափոխական իրավիճակի կարգավորումներ, ինչպես հեղափոխությունը չունի Սահմանադրության զահլեն։ ՀՀԿ-ն ոչ մի թթվածին չէր թողել, որ Սահմանադրությունը շնչեր, ահա ինչու Սահմանադրությունը չի կարողանում հարմարեցվել ստեղծված իրավիճակի որևէ դրվագին։ Այս իրավիճակում երկու անգամ տապալվեց նույնիսկ նախագահը։ Որովհետև միակ հեղինակությունը պետք է լիներ Սահմանադրությունը։ Եթե հեղափոխությունը իր ձեռքն է վերցնում գործողությունների լեգիտիմությունը, ուրեմն Սահմանադրությունը չի էլ եղել։

Կարեն Կարապետյանն այս իրավիճակը ֆիքսում է ԱԺ ամբիոնից կամ նախապես արված հայտարարությամբ, և ԱԺ-ն հավաքվում է նոր վարչապետի ընտրության։ Բնականաբար վարչապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանը։ Դա նշանակում է, որ ՀՀԿ-ում սկսվում է առնետավազք կամ ամբողջ կազմով դառնում են ընդդիմություն մի կառավարության, որը փոքրամասնություն է։

Այս նոնսենսն արագորեն պետք է վերացվի արտահերթ նիստերով Ընտրական օրենսգրքի մի քանի օրում արվող փոփոխությամբ, որտեղ մեծամասնությունը (կրկին նոնսենս) հնազանդորեն ընդունում է ընդդիմության առաջարկները։ Բնականաբար այդ առաջարկներն ուղղված են բացառապես ՀՀԿ-ի դեմ, որպեսզի այն չվերարտադրվի իր փողերով, ուսուցիչներով և այլ սպառնալիքներով։ Նոր ընտրությունների արդյունքներով էլ դրվում է հեղափոխության վերջը։ Հեղափոխությամբ ծնվածը պետք է մտածի ապրող Սահմանադրություն ունենալու մասին։ Այսինքն՝ հարկ եղած դեպքում նա պետք է զոհի իր հեղինակությունը, իշխանության ծարավը և հեղափոխության արդյունքները։ Քաղաքականության մեջ այսպիսի ինքնազոհություններ սովորաբար չեն լինում։ Բայց այսպիսի հեղափոխություն էլ չէր եղել։

Մհեր Արշակյան

MediaLab.am