ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում ապօրինի պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այս տարվա հունվարի վերջին և փետրվարի սկզբին հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի կողմից։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

«Դրանք պարբերաբար կրկնվող տեսակցություններ են, որոնք համաձայնեցվում են տվյալ երկրի ղեկավարության հետ»,-նշեց Ամատունին։

Նրա խոսքով՝ տեսակցությունների շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման տարածքի պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն է տրվում կապ հաստատել ընտանիքների հետ։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերիների։ Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել  2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։