Բանակը շարունակում է կորուստներ ունենալ խաղաղ պայմաններում, իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել՝ նշելով՝ պաշտոնական վիճակագրության թվերը տարբերվում են իրենց ուսումնասիրության արդյունքներից: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը թարմացրել է 2025 թվականի մահացության դեպքերի զեկույցը: Կազմակերպության փորձագետ Նազելի Մովսեսյանն ասում է՝ պաշտոնական կառույցները նոր տվյալներ են տրամադրել, բայց այդ տվյալներն ու իրենց բացահայտումները միմյանց հակասում են:
«Մեր գնահատմամբ՝ սա ավելի շատ ոչ թե դիտավորյալ տվյալների չտրամադրում է կամ թերի տրամադրում, այլ վարքագծի և տվյալները հավաքագրելու մոտեցման տարբեր ձևեր, որոնց արդյունքում ունենում ենք այս անհամապատասխանությունները: Այստեղ վարքագծի հարցն է, թե ինչպես է վարվում վիճակագրությունը հենց Դատախազությունում, և որի արդյունքում կազմակերպությանը տրամադրված տվյալները արդեն մեկը մյուսին հակասում են», – «Ազատության» հետ զրույցում նշեց Մովսեսյանը:
Թեև անցած տարի 2024 թվականի համեմատ բանակում մահացության ընդհանուր թիվը նվազել է շուրջ 9 տոկոսով, բայց թվերը դեռևս մտահոգիչ են մնում, ասում է Նազելի Մովսեսյանը: 2024-ի փետրվարից մինչ օրս բանակում հրադադարի խախտման հետևանքով զոհեր չեն գրանցվել, սակայն ոչ մարտական պայմաններում կորուստների թիվը գրեթե անփոփոխ է. 2024-ի 36-ի փոխարեն անցած տարի 35 մահ է գրանցվել։
Ըստ իրավապաշտպանի՝ սա նշանակում է, որ ներքին խնդիրները բանակում շարունակում են նույնքան կյանքեր խլել, որքան նախ
կինում. – «Միտումը, որ եթե նույնիսկ չկա լարված իրավիճակ սահմանին, հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, միևնույն է՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը բավականին մեծ թիվ են կազմում»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















