Ժենգյալով հաց. «պապուն թիվանց կա». հետաքրքրությունը Ղարաբաղի խորհրդանիշ համարվող ուտեստի նկատմամբ աստիճանաբար մեծանում է

Ժենգյալով հաց. «պապուն թիվանց կա». հետաքրքրությունը Ղարաբաղի խորհրդանիշ համարվող ուտեստի նկատմամբ աստիճանաբար մեծանում է
Ժենգյալով հաց. «պապուն թիվանց կա». հետաքրքրությունը Ղարաբաղի խորհրդանիշ համարվող ուտեստի նկատմամբ աստիճանաբար մեծանում է

Ստեփանակերտի կենտրոնական շուկա մտնողներին միանգամից պարուրում է թարմ թխվող ժենգյալով հացի անուշաբույրը: Ստեփանակերտցի կանայք հենց շուկայի սկզբնամասում, հաճախորդների աչքի առաջ արագ ու վարժ շարժումներով թխում են Ղարաբաղի խորհրդանիշներից մեկը համարվող ժենգյալով հացը:
Ժենգյալով հացի տաղավարները վաղուց են բացվել շուկայում, ուր տեղում թխվող թարմ ժենգյալով հացը տարիների հետ ավելացնում է հաճախորդների թիվն ու այդ ուտեստի սիրահարներին ձգում դեպի ծխացող տաղավարները:
«Սա մեր ավանդական ուտելիքն ա էլի, էն պապուն թիվանց կա»,- առանց գործից կտրվելու ասում են կանայք` կանաչին կտրտում, խմորը բացում:

Տաղավարների սեղաններին հսկայական թասեր են` մանր կտրտած բազմազան կանաչեղենով` ճռճռոկ, կնձմնձուկ, պռավու պորտ (պառավի պորտ), ծիթենուկ (ձիթենուկ), թրթնջուկ, սամիթ, գառան ականջ, կանաչ սոխ, բազուկի թևեր, պենջար (եղինջ): Սրանք ժենգյալով հացի համար օգտագործվող հիմնական կանաչեղենն են: Իսկ մնացածը լրացնում են համեմունքները` աղ, պղպեղ, հոնի չիր, որը, ինչպես և թրթնջուկը, օգտագործում են ժենգյալով հացին թթվաշ համ տալու համար:

Սեղաններին ձեթ է, աղ ու պղպեղ: Կողքը` փոքրիկ էլեկտրական վառարաններ, որոնց վրա էլ կանայք հենց տեղում թխում են ժենգյալով հացը:

Դոնարա Գասպարյանն առաջիններից մեկն էր, ով դեռ 1993-ին Ստեփանակերտի շուկայում սկսել է ժենգյալով հաց թխել և վաճառել: Այսօր ասում է, որ «կայուն գործ ունի»` մշտական հաճախորդներ, ու հարգանք է վայելում:

Նա պատմում է, որ գործը սկսել է պատերազմական դժվարին` անլույս ու զրկանքներով լի տարիներին, երբ ժենգյալով հացը թխում էր փայտի վառարանի վրա, մինչդեռ հիմա արդեն «մասնագիտական»` էլեկտրական վառարան ունի:

«Վառարանի վրա թխած հացն ավելի համով է, բայց սիրուն չի ստացվում: Էն տարիներին միայն ես էի շուկայում, ուրիշ թխողներ չկային, հիմա շատացել են, բայց ես մշտական հաճախորդներ ունեմ, զանգում-պատվիրում են, հետո գալիս-պատվերը տանում են. իրարից հաճախորդ չենք փախցնում»«- «Մեդիալաբին» ասում է տիկին Դոնարան:

Դոնարան վարպետորեն բացում է խմորը, ապա կանաչին «բարուրում» ժենգյալով հացի մեջ` շարունակելով իր պատմությունը: Նա ասում է, որ Ղարաբաղի ժենգյալով հացը լրիվ ուրիշ համ ունի` շատ համեղ է:

«Ճիշտ ա` Երևանում էլ են թխում, բայց Երևանի ժենգյալով հացն անհամ է, որովհետև սաղ կանաչիները սիլիտրայով են աճեցնում, ու հետո, էնտեղ ամեն կանաչի չի, որ աճում ա: Էնտեղ ճռճռոկ չկա, կնձմնձուկ չկա, ծիթենուկ չկա, պռավու պորտ չկա, անտառի կանաչիներն էլ էնտեղ չեն աճում»,- մասնագիտական նրբությունների մեջ է մտնում նա:

Լավ ժենգյալով հաց թխելու գաղտնիքը, ըստ տիկին Դոնարայի, այնքան էլ բարդ չէ. հարկավոր է պարզապես պահպանել ճիշտ բաղադրատոմսը, բազմատեսակ որակյալ կանաչիներ ունենալ:

Իհարկե, Ղարաբաղում ընդունված է ասել, որ համը նաև թխողի վարպետությունից է կախված, բայց տիկին Դոնարան այդ մասին համեստորեն լռում է, մինչդեռ օրեցօր աճող ժենգյալով հացի պատվերներն ինքնըստինքյան վկայում են այդ մասին:

«Այսօր ամբողջը պատվերով եմ թխել, այսինքն` նախապես գալիս-պատվիրում են տարբեր առիթներով: Առավոտից հարյուր հատ մեկն է տարել, տասը` մյուսը, տասը` մեկ ուրիշը»,- ասում է տիկին Դոնարան:

Ժենգյալով հացի գները հաստատուն են. Ստեփանակերտի շուկայի տաղավարներում մեկ ժենգյալով հացի գինը մի քանի տարի է` ինչ 400 դրամ է: Սակայն տիկին Դոնարան ասում է, որ սիրած հաճախորդների համար գներն ավելի ցածր են` 350 դրամ: Պատվիրատուները տարբեր են` անհատներից սկսած մինչև կազմակերպություններ, հյուրանոցներ կամ էլ օտարերկրացիներ, որոնք Ղարաբաղում շրջագայելուց հետո իրենց հետ լեռնային երկրից անպայման համեղ մի մաս են ուզում տանել` ժենգյալով հաց:

«Պատվերները շատ են: Օրինակ` վաղն առավոտվա համար պատվեր ունեմ: Յոթ անց կես պիտի գան պատվերի հետևից, ուրեմն վեց անց կես ես արդեն էստեղ պիտի լինեմ»,- ասում է տիկին Դոնարան:

Տիկին Նաիրան շուկայում ժենգյալով հաց թխողների մեջ իսկական բիզնես լեդիի համբավ ունի: Որոշ ժամանակ նա նույնիսկ Երևանում գործող «Ժենգյալով հաց» ռեստորանում է աշխատել, ուր մինչև հիմա նրա լուսանկարը պատին փակցված է:

Ու թեև այսօր վերադարձել է Ստեփանակերտ, սակայն էլի պատվերներ է ունենում Երևանից: Հայաստանյան իշխանական վերնախավը, հատկապես նրանք, ովքեր ղարաբաղյան ծագում ունեն, ժամանակ առ ժամանակ հրավիրում են տիկին Նաիրային այս կամ այն միջոցառմանը ժենգյալով հաց թխելու: Անգամ ճանապարհածախսն ու օթևանի հարցերն են հոգում: Վերջին անգամ տիկին Նաիրային կանչել էին մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի եւ Սարդարապատի հերոսամարտի 92-ամյակին նվիրված տոնակատարությանը:

«Պատվերներ շատ են լինում, ես ամիսը մեկ-երկու անգամ գալիս եմ Երևան: Ծնունդներին կանչում են, գալիս եմ, թխում եմ: Համարյա ամեն օր պատվերներ եմ ունենում»,- ասում է տիկին Նաիրան:

Նա առանձնակի հպարտությամբ է խոսում բարձրաստիճան պաշտոնյաներին մատուցած ծառայությունների մասին:

«Ժենգյալով հաց եմ թխում Ռոբերտ Քոչարյանի համար, Սերժ Սարգսյանի համար, ոստիկանապետի համար,- ասում է նա` շեշտելով, թե բոլորի համար էլ նույն կերպ է պատրաստում` առանց տարբերություն դնելու նույնիսկ գնային առումով: – Մենակ Սերժ Սարգսյանի համար խմորը մի քիչ հաստ եմ անում, նրա կինը` Ռիտան, էդպես է սիրում»:

Տիկին Նաիրան պատմում է, որ վերջին շրջանում ժենգյալով հացի մեծ պատվերներ է ստանում նաև Ղարաբաղի իշխանություններից, հատկապես նախագահ Բակո Սահակյանից, վարչապետ Արա Հարությունյանից և այլ բարձրաստիճան պաշտոնյաներից: Նրա խոսքով` ժենգյալով հացի նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է, և արդեն երկու տարի է, ինչ հացթուխները պատվերներ են ստանում նաև հարսանիքների համար:

«Ժենգյալով հացը Ղարաբաղի խորհրդանիշներից մեկն է դարձել, ինչպես Գանձասարը կամ Տատ ու պապի հայտնի համալիրը,- ասում է Նաիրան: – Դժվար է պատկերացնել Ղարաբաղն առանց ժենգյալով հացի` պատրաստման մեջ այդքան պարզ, սակայն միաժամանակ այդքան բարդ ուտեստի»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am