«Մաման մեզ համար անթերի ծնող է եղել». 16 երեխաների որդեգրած Լարիսայի մահվանից հետո երեխաները փորձում են շարունակել կյանքը

«Մաման մեզ համար անթերի ծնող է եղել». 16 երեխաների որդեգրած Լարիսայի մահվանից հետո երեխաները փորձում են շարունակել կյանքը
«Մաման մեզ համար անթերի ծնող է եղել». 16 երեխաների որդեգրած Լարիսայի մահվանից հետո երեխաները փորձում են շարունակել կյանքը

Առավոտյան լույսը բացվելուն պես Հովսեփյանների տանը իսկական իրարանցում է սկսվում: Այս ու այն կողմ են վազվզում տան 13 երեխաները: Ոմանք դասի են շտապում, ոմանք` աշխատանքի, ոմանք էլ նախաճաշ են պատրաստում:

Ամենատարբեր խառնվածքի ու արտաքինի այս երեխաները իրենց միակ մայրիկին՝ Լարիսա Հովսեփյանին կորցնելուց հետո շարունակում են միասին ապրել:

Տարբեր ազգությունների եւ խառնվածքների 16 երեխաների որդեգրած Լարիսա Հովսեփյանին Հայաստանում շատերն էին ճանաչում:

Նրա մասին շատ պատմություններ եւ հաղորդումներ են պատրաստվել: Սակայն, ամիսներ առաջ  71-ամյա Լարիսան մահացել է քաղցկեղից, իսկ երեխաները մնացել են մենակ:

Հովսեփյանների ընտանիքում կան տարբեր ազգությունների երեխաներ՝ ուկրաինացի, բելառուս, եթովպիացի, կանադացի և հայ: Նրանք բոլորն էլ իրենց հայ են համարում ու խոսում հայերեն:

«Մենք բոլորս իրար հետ ենք մեծացել, իրար հետ դպրոց գնացել: Մայրիկը հոգատար էր բոլորիս նկատմամբ ու ամենքիս հավասար էր սիրում, ոչ մի տարբերություն չէր դնում»,- ասում է ընտանիքում ավագ եղբայրներից 26-ամյա Մուրադ Հովսեփյանը:

Երեխաները պատմում են, որ իրենց մայրը մասնագիտությամբ ռեժիսոր է եղել և որոշել է երեխաներ որդեգրել, երբ ամուսնությունից վեց ամիս անց մահացել է նրա ամուսինը:

«Ու մաման չի ուզել նորից ամուսնանալ: Ինքը սկսել է երեխաներ որդեգրել: Առաջին երեխային որդեգրել է Մինսկի մանկատներից մեկում ու անունը դրել Հայկարամ` հոր անունով: Մեր մեջ կան և´ մանկատնից վերցրած երեխաներ, և´ դաշտում պատահական գտնված, և´ ծնողների կողմից լքված: Մաման մեզ համար անթերի ծնող է եղել»,- ասում է ավագ քույրերից 23-ամյա Սուսաննա Հովսեփյանը:

«Մենք 16 երեխա ենք եղել, որ մաման մեզ որդեգրել է: Մեծերից երեքն ամուսնացել են, հիմա մենք 13-ով ենք մնացել ու ապրում ենք միասին»,- ասում է Սուսաննան:

Ընտանիքում 3 քույր են, 10 եղբայր, որոնցից ամենափոքրը 9-ամյա Արմենն է: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր տխուր նախապատմությունը, բայց այսօր ամեն մեկի ճակատագիրը կապված է իր մեծ և անփոխարինելի ընտանիքի հետ:

Մեծ ընտանիքի երեխաները պատմում են, որ մայրիկի մահից հետո շատ բան է փոխվել: Հոգեբանական ծանր ապրումների մեջ գտնվող անչափահաս երեխաներին բախտի քմահաճույքին չթողնելու համար տան մեծահասակները  թեեւ որոշել են իրենց վրա վերցնել ընտանիքի ողջ հոգսը, այնուամենայնիվ խնդիրները դրանով չեն լուծվել:

«Դժվար է առանց մամայի, բայց մամայից հետո չէինք կարող երեխաներին անտերության մատնել: Շատերին նոր ծնված ժամանակից ենք պահել ու չէինք թողնի, որ նրանց մանկատուն տանեին կամ այլ տեղ: Դրա համար պետք էր հավաքվել ու նայել այդ հարցին այնպես, ինչպես մաման էր ասում»,- պատմում է Սուսաննան:

Այժմ ընտանիքն ապրում է 7 անչափահասների 68 հազար դրամ նպաստով ու ընտանիքում միակ աշխատողներ հանդիսացող երեք ավագ եղբայրների ստացած եկամտով: Պետության կողմից որևէ աջակցություն այս բազմանդամ ընտանիքը չի ստանում:

«Հիմա մենք ենք մեզ պահում, ու հիմա ինքս եմ զգում, թե մամայի համար ինչ դժվար է եղել մեզ բոլորիս պահել-մեծացնելը: Մանավանդ էս պետությունում, որ չի ուզում որևէ հարցով աջակցի: Շատ է եղել, որ մաման դիմել է պետությանը, որ օգնեն մեզ, բայց միշտ պատասխանել են` չեք կարող պահել, հանձնեք մանկատուն»,- պատմում է Սուսաննան:

Տան հնամաշ պատերի ու կիսավերանորոգված սենյակների մեջ բնակվող երեխաները նշում են, որ շուտով կվերջացնեն տան ամբողջ վերանորոգումը:

Այս հարցում նրանց աջակցում է ամերիկահայ մի բարերար, ով մշտապես օգնություն է տրամադրել այս ընտանիքին, երբ իմացել է, որ իր ազգանունը համընկնում է նրանց ազգանվանը:

Ընտանիքին թե´ ֆինանսապես, թե´ սննդամթերքով աջակցում է նաև կաթնամթերք արտադրող ընկերությունը, որտեղ արդեն 3 տարի է, աշխատում է ավագ եղբայրներից Մուրադը:

Երեխաներից ոմանք մասնագիտական կրթություն ունեն, ոմանք դեռ սովորում են դպրոցում: Սուսաննան մենեջմենթի մասնագետ է, իսկ ավագ քույրը՝ 26-ամյա եթովպիացի Գայանե Հովսեփյանը՝ տուրիզմի: Նրանք երկուսն էլ չեն աշխատում:

«Մաման միշտ ասում էր` քանի ես կամ, քանի հնարավորություն ունեմ, դուք բոլորդ պետք է մասնագիտություն ունենաք: Ինքը շատ կրթված էր»,- ասում է Սուսաննան և ցույց տալիս գրադարակներում շարված հարյուրավոր գրքերը:

Երեխաները մինչ օրս պահում և խնամում են բակում իրենց մայրիկի տնկած ծաղիկները: Ընտանիքում մեծից փոքր լավ են հիշում նրա տված բոլոր խորհուրդները, որոնցով առաջնորդվում են ցանկացած իրավիճակում:

«Այնպես չի, որ մեր տանն ամեն մեկն իր մասին է մտածում, մենք բոլորս ենք իրար մասին մտածում: Թե չէ տենց լիներ, ես պետք ա աշխատեի, փողերս առնեի, թռնեի Ռուսաստան, բայց ես էս ընտանիքի անդամ եմ, տարիքով մեծը, չեմ կարող թողնեմ ու գնամ: Տարիներ հետո փոքրերը կմեծանան ու իրենց ապագան կունենան, մենք էլ մեր ապագան կունենանք»,- ասում է Մուրադը:

Հովսեփյանների բազմանդամ և համերաշխ ընտանիքում յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները: Մեծերն օգնում են փոքրերին՝ սկսած դասերը պատրաստելուց, փոքրերն էլ իրենց հերթին օգնում են մեծերին՝ տանը կարգուկանոն պահելու համար:

Տան դպրոցականներն ունեն իրենց տարբեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: 15-ամյա Գուրգենն ու Սերոբը ոսկերչություն են սովորում, 14-ամյա Լինդան սպորտով է զբաղվում:

«Ինձ մայրիկս էր տարել սպորտի, ես էլ ամենաշատը ձյուդոն սիրեցի: Արդեն երեք տարի է` պարապում եմ: Ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնամ: Դպրոցս որ ավարտեմ, կգնամ ֆիզկուլտ ինստիտուտ ընդունվելու»,- ասում է Լինդան և ցույց տալիս իր պատվոգրերն ու պատից կախված մեդալները՝ տարբեր մրցումներից:

Իրարից անբաժան այս ընտանիքում տարին 11 ամիս ծննդյան տոներ են: Երեխաները համարում են իրենց աշխարհի ամենալավ ընտանիքներից մեկը:

«Մենք մի մեծ ընտանիք ենք և իրար որպես քույր ու եղբայր ենք նայում: Եթե մեկը դրսում կռիվ ա անում, բոլորս ենք դուրս գալիս»,- ասում է Սուսաննան:

Երեխաներից ոչ ոք ցանկություն չունի գտնելու կամ տեսնելու իր հարազատ ծնողներին: Նրանց համար ամենալավ, միակ ու անփոխարինելի մայրը եղել և մնում է Լարիսա Հովսեփյանը:

«Միայն մի անգամ ինձ հետ մի դեպք է եղել: Իմ մայրն ուզում էր ինձ տեսնել: Ես հանդիպեցի իր հետ, բայց իրա խոսալը, պահվածքը տեսնելուց հետո հասկացա, որ ընդհանրապես չեմ ուզում տեսնել իրան ու էլ ընդհանրապես կապ չունեմ հետը»,-պատմում է Սուսաննան:

Այսօր բազմանդամ ընտանիքի լավագույն հարազատներն են մնացել իրենց վաղ ամուսնացած երկու եղբայրն ու մի քույրը, ինչպես նաև քեռին (Լարիսա Հովսեփյանի եղբայրը), որոնց հետ մշտապես հանդիպում են:

Հովսեփյաններին հաճախ են այցելում են նաև ընտանիքի անդամ դարձած լավագույն ընկերները:

«Ուղղակի երջանկություն է այսքան քույր ու եղբայր ունենալը: Ես շատ հպարտ եմ իմ ընտանիքով»,- ասում է Մուրադը:

Լիլիթ Առաքելյան

Ֆոտոպատմությունն` այստեղ

© Medialab.am