Մեր երեխաներից՝ Պուտինի ընկերներին

Մեր երեխաներից՝ Պուտինի ընկերներին
Մեր երեխաներից՝ Պուտինի ընկերներին
Հեղինակ MediaLab

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հայտարարեց, որ գործադիրում միջոցներ են փնտրում՝ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման համար, սակայն, ևս մեկ անգամ վերահաստատեց, որ դա չի արվելու պետական բյուջեի հաշվին:

Եթե հաշվի առնենք, որ դա նաև հազիվ թե արվի կառավարության անդամների գրպանների հաշվին, ապա դեդուկցիայի մեթոդով պարզ կդառնա, որ խոսքը, ըստ ամենայնի, գնում է ինչ-որ տեղից վարկ «կպցնելու» մասին:

Եվ անկախ այն հանգամանքից, թե որքանո՞վ է դա կապված Ռուսաստանից ստացված շուրջ 200 միլիոն դոլարանոց վարկի հետ, եկեք արձանագրենք, որ այդ գումարը, ցանկացած պարագայում, վճարվելու է կամ մեր, կամ էլ մեր երեխաների հաշվին: Այսինքն, եթե այդ 7 դրամը մենք չենք վճարելու հիմա ու անմիջապես մեր գրպանից, ապա այն բյուջե վճարվող հարկերի միջոցով վճարելու ենք հետո՝ բոլոր տոկոսներով:

Այստեղ հարկ է նկատել, որ համաձայն ՀԷՑ-ի մասնավորեցման պայմանագրի՝ Հայաստանը պարտավոր է երաշխավորել, որ այն աշխատի 14-տոկոսանոց շահութաբերությամբ: Այսինքն՝ ՀԾԿՀ-ը պետք է այնպիսի սակագներ սահմանի, որ ՀԷՑ-ը իր սեփականատեր «Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ-ին 14-տոկոսանոց շահույթ փոխանցի:

Հետևապես, էլեկտրաէներգիայի նոր սակագնի պայմաններում, մենք ու մեր ապագա սերունդները Հայաստանի էլեկտրական ցանցերին վճարելու ենք ամսական շուրջ 3 միլիարդ դրամով ավել՝ որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա ապահովել իր 14-տոկոսանոց շահույթը:

Իսկ ահա «Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ-ն, իր հերթին, 46 տոկոսով ոչ ամինջականորեն պատկանում է Ռուսաստանի կառավարությանը: Հետևապես մեզանից հավաքվող շահույթի գրեթե կեսը մտնում է ՌԴ բյուջե (եթե ճանապարհին չի ուտվում): Եվ 18 տոկոսով այդ կազմակերպությունը պատկանում է իր իսկ դուստր կազմակերպություններին: Այսիքն այդ շահույթը գնում ու սկսվում է պտտվել իր ու իր դուստր կազմակերպությունների փակ շղթայում:

Այդ բարդ կոմբինացիաներում, բնականաբար, բավականին շատ գումար է ուտվում այդ բուրգ-կոռպոռացիայի ղեկավարների կողմից:

«Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ-ի ղեկավարները Իգոր Սեչինն ու Բորիս Կովալչուկն են: Առաջինը տնօրենների խորհրդի նախագահն է (председатель совета директоров), մյուսը՝ խորհրդի նախագահը (председатель правления):

Այդ երկու անձինք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտիկ ընկերներն են, Ռուսաստանում արդեն վաղուց կոռուպցիոն սկանդալների կիզակետում են և երկուսն էլ մի տարուց ավել է ինչ արևմտյան պատժամիջոցների տակ են:

Այսինքն, Հայաստաի քաղաքացիներից հավաքվող 7 դրամների (անգամ, եթե դա արվի վարկ-բյուջե-հարկ, կամ որևէ այլ սխեմայով) մի զգալի մասը գնալու է և մտնի ոչ այլում, քան Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերներ Բորիս Կովալչուկի ու Իգոր Սեչինի գրպանները:

Հ.Գ. Եվ չի բացառվում, որ հենց այս կոռուպցիոն խողովակներն ու սխեմաները ջրի երես դուրս չգալու նպատակով էին ռուսաստանյան հեռուստաալիքները Էկետրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցերի մեջ «ամերիկյան հետք»  տեսնում: Որպեսզի ցանկացած կոռուպցիոն բացահայտում անվանվի «ամերիկյան սուտ»:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»