Արա Այվազյանն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են Հայաստան Ադրբեջանի ԶՈՒ ներթափանցման հետևանքով ստեղծած իրավիճակին

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր ընդունեց Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, հաղորդում են նախարարությունից:

Հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ կատարվեց հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին։ Արա Այվազյանը և Կիշան Դան Դևալը վերահաստատեցին երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, ինչը նաև կնպաստի ավելի արդյունավետ դիմագրավելու տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին։

Հանդիպման առանցքում էր Հայաստանի սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համատեքստում։

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մանրամասն ներկայացրեց մայիսի 12-ից առ այսօր տիրող լարված իրավիճակը, որը զուգորդվում է ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների կողմից սադրիչ գործողություններով։

Հատուկ անդրադարձ կատարվեց մայիսի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպին, ինչի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Արա Այվազյանը բարձր գնահատեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը։