«Հեղինակից քաջություն էր պահանջվում նման նյութ գրելու համար». Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն մրցանակ նաեւ «Մեդիալաբի» լրագրողին

«Հեղինակից  քաջություն էր պահանջվում նման նյութ գրելու համար». Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն մրցանակ նաեւ «Մեդիալաբի» լրագրողին
«Հեղինակից քաջություն էր պահանջվում նման նյութ գրելու համար». Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն մրցանակ նաեւ «Մեդիալաբի» լրագրողին

Այսօր տեղի ունեցած  կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութերի մրցանակաբաշխությանը մրցանակի արժանացավ նաեւ Ռոզա Հովհաննիսյանի` «Մեդիալաբում» հրապարակված հոդվածը: Մրցույթը կազմակերպվել էր «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» կողմից: 

Առաջին մրցանակի արժանացավ Աննա Մուրադյանը` «Առավոտ» թերթում լույս տեսած՝ «Բախում հայի և հայի միջև. Ազգի իրական պառակտողը կրոնական խտրականությունն ու«աղանդավորների» քարկոծումն է» հոդվածի համար:  Երկրորդ մրցանակը՝ Վահան Իշխանյանինն ու Սառա Խոջոյանին էին,  «Վերջապես այլընտրանք.Եհովայի վկաները բարեխնամ ծառայության են անցել» հոդվածի համար:

Երրորդ մրցանակին արժանացավ Ռոզա Հովհաննիսյանը` «Մեդիալաբում» հրապարակված՝ «Դպրոցից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն»առարկան, իսկ բանակից` քահանաներին». բանակում հավատաքննություն է իրականացվում» հոդվածի համար:

Հատուկ մրցանակ շնորհվեց նաեւ Աստղիկ Սարգսյանին «Հրապարակ» թերթում լույս տեսած՝ «Հավատացյալի աղջկա վախտը»  կարճ պատմվածք/հոդվածի համար։

Հաղթողները ստացան հավաստագրեր եւ դրամական պարգեւներ:

ԵՀՀ փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը մրցանակաբաշխության ժամանակ առանձնահատուկ անդրադարձ կատարեց «Մեդիալաբի»` «Դպրոցից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իսկ բանակից` քահանաներին». բանակում հավատաքննություն է իրականացվում» հոդվածին՝ նշելով, որ այն մեծ արձագանք գտավ հանրության շրջանում` մեկնաբանությունների, քննարկումների, ինչպես նաեւ բացասական վերաբերմունքի արժանանալով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի հոկտեմբերի 17-ին հրապարակված հոդվածը բարձրաձայնում էր բանակում իրականացվող հավատաքննության մասին: Այն առ այսօր շարունակում է բուռն քննարկությունների, թեժ մեկնաբանությունների արժանանալ ինչպես եկեղեցու սպասավորների այնպես էլ հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների կողմից:

«Կարևոր աշխատանք է կատարված, կարևոր է, երբ հայկական մամուլում նման հոդվածներ են լինում: Հեղինակից քաջություն էր պահանջվում նման նյութ գրելու համար»,- ասաց Վազգեն Կարապետյանը:

Նշենք, որ մրցույթն անցկացվել է ԵՀՀ «Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Հաղթողների ընտրության չափանիշներն էին՝ հոդվածի համապատասխանությունը մրցույթի թեմային, նյութի շարադրման որակը, նախկինում կատարված համանման աշխատանքները և հոդվածի հասարակության մեջ առաջացրած ռեզոնանսը։ Մրցույթի նպատակն էր  խրախուսել խնդրի  անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնություների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։

Մրցանակաբաշխությանը ներկա էին Միացյալ Թագավորության դեսպանը, Լիտվայի Հանրապետության դեսպանը, ինչպես նաև հանդուրժողականության հարցերով զբաղվող միջազգային և տեղական կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

«Կրոնական  հանդուրժողականության  խթանումը Հայաստանում»  ծրագիրը իրականացվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել  խղճի և կրոնի ազատության  իրավունքի վերաբերյալ  հանրության իրազեկումը, ինչպես նաև բարելավել  հանդուրժողականության  և  բազմազանության  հարցերի շուրջ լրատվամիջոցների  հրապարակումների  որակն  ու  պրոֆեսիոնալիզմը:

© Medialab.am