Դատավոր Գագիկ Խանդանյանի բիզնեսներն ու առեղծվածային նվիրատվությունները

Fip.am-ը գրում է.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը նախորդ տարի, փաստացի չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, 2․3 միլիոն դոլարով ձեռք է բերել «Մուշ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը։ Խանդանյանի ձեռնարկատիրական գործունեությունը, ունեցվածքը և խնամիական կապերը բավականին ուշագրավ են։  

Թեև Գագիկ Խանդանյանն իր բաժնեմասը հանձնել է հավատարմագրային կառավարման, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքով՝ դատավորը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով և Դատական օրենսգրքով սահմանված՝ դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները, քանի որ ըստ դրանց՝ դատավորին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հանձնաժողովի եզրակացության հիման վրա Բարձրագույն դատական խորհրդում քննվում է Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ գործը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ո՞վ է Գագիկ Խանդանյանը, ի՞նչ կապեր և ունեցվածք ունի։

Ո՞վ է Գագիկ Խանդանյանը

Գագիկ Խանդանյանը դեռևս 1990-ական թվականներից տարբեր պաշտոններ է զբաղեցրել իրավապահ և դատական մարմիններում։ 2009 թվականից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր էր, 2016 թ. հունվարին նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Հատկանշական է, որ Խանդանյանի որդին, որը նույնպես դատավոր է, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան է։ 

Խանդանյանի կասկածելի գործարքը

Գագիկ Խանդանյանը «Մուշ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը ձեռք է բերել 2020 թ. մայիսի 4-ին՝ 2․3 միլիոն դոլարով, սակայն պայմանագրի համաձայն՝ վերջինս այդ գումարը պետք է վճարեր մեկ տարվա ընթացքում։ Այսինքն՝ Խանդանյանն այս ընկերությունը ձեռք է բերել տարաժամկետ վճարման պայմանով։ Մայիսի 12-ին Խանդանյանն իր բաժնեմասը հանձնել է հավատարմագրային կառավարման նույն «Մուշ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Հմայակ Ստեփանյանի:

«Մուշ» ընկերությունը Հայաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր ձեռնարկություններից մեկն էր, որը 2017 թվականին վճարած 143․3 մլն դրամի հարկերով հայտնվել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Սակայն վերջին տարիներին ընկերության ֆինանսական վիճակի վատթարացումը բերել էր նրան, որ այն դադարել էր գործել։ Նույնիսկ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարած պարտադիր վճարներից տեսնում ենք, որ ընկերությունը 160-170 աշխատողի փոխարեն այս տարի ունի ընդամենը 1-2 աշխատող

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում