Փաշինյանն այն վիճակում է, որ նրա միակ ու ծայրահեղ միջոցը մնում է հասարակության բևեռացումը խորացնելը. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի թեկնածու Սուրեն Սուրենյանցը

– «Եթե ես հիմա ասեմ՝ գիտե՞ք ինչ, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շյանգալ կա, որ կարա իրենց օգտին քվեարկի»,- խորհրդարանում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ ներկա-նախկին խոսույթին վերջ կդրվի, եթե խորհրդարանում չհայտնվեն վերոնշյալ քաղաքական ուժերը: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, պարո՛ն Սուրենյանց:

– Ողբամ այն իշխանությանը, որն 8 տարում ներկա-նախկին թեզից բացի այլ բան չկարողացավ մոգոնել, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձեց այլ խոսույթ գտնել, այլ բան գեներացնել, միևնույն է, չստացվեց ու էլի եկավ դարձ ի շրջանս յուր: Սա խոսում է իշխանության սնանկության մասին, մանավանդ որ ստեղծված կոնֆիգուրացիան բացարձակապես չի արտահայտում այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը: Ես գիտեմ, որ փորձում են Քոչարյանի կերպարը դեմոնիզացնել, բոլորիս կապել Քոչարյանի հետ: Սա այնքան պրիմիտիվ է, որ խոր վերլուծության կարիք չկա, բայց սրանք դատարկ փաստարկներ են, որովհետև ես բացարձակապես հիմնավորում չեմ գտնում, թե ներկա-նախկին կոնֆիգուրացիան ինչո՞վ է կենսունակ, որ մի հատ էլ առաջիկա ընտրություններով փորձում է դրան վերջ տալ: 

Փաշինյանը փորձում է կրկնել 2021-ի ընտրական մոդելը, բայց անցել է հինգ տարի, ընդդիմադիր դաշտում ֆավորիտներն այնպիսի մարդիկ են, կոնկրետ երկու ուժ են, որ կապ չունեն երկրորդ նախագահի հետ: Այսինքն՝ այն, ինչ առաջ է քաշում նա, արհեստական թեզ է, թե քանի՛ տոկոսին կարող է նա այսպես համոզել, ապակողմնորոշել, ժամանակը ցույց կտա: Մեր անելիքը դեռևս առջևում է, քարոզարշավը կմեկնարկի, ու մենք ավելի հանգամանալից կներկայացնենք մեր թեզերն ու հակաթեզերը, ու հասարակությունը կհամոզվի, որ նախկին-ներկա բաղադրիչը չի կարող գործել: Իսկ այն որակումներին՝ փողոցային բնույթի, չեմ էլ ուզում անդրադառնալ, ամեն մեկն ընտրում է այն բառապաշարը, որն իր արժեհամակարգին հոգեհարազատ է: 

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ «սևերի ու սպիտակների» տրամաբանության մեջ, ով իրեն քվե չի տալիս, քաղաքացի չի համարում: Փաշինյանը հիմա այնպիսի վիճակում է, որ նրա միակ ու վերջին ծայրահեղ միջոցը մնում է հասարակության բևեռացումը խորացնելը: Նա միայն այդ ձևով, քաղաքացիական բախումներ հրահրելով, ռեպրեսիվ մեքենայով կարող է վերարտադրել իր իշխանությունը, դասական քաղաքական ընտրարշավի այս մարդը պատրաստ չէ: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում, արդեն չորս կոնցեպտուալ գրքույկ է հրապարակել, այդ թվում՝ բրոշյուր, որը վերաբերում է երաշխավորված խաղաղության մոդելին, դուք լսե՞լ եք, որ իշխանությունը երբևէ բովանդակային վեճի մեջ մտնի մեզ հետ այդ հրապարակած ծրագրերի շուրջ, իհարկե ոչ: Պիտակավորումներ, ռեպրեսիա, բևեռացում՝ այս մարդկանց կեսունակության միակ բանաձևն է:

– Կարծում եք, որ այդ կերպ ՔՊ-ի կենսունակությունը կապահովվի՞:

– 2021-ի պես չի կարող աշխատել, վստահ ասում եմ ձեզ, իսկ թե ի՛նչ չափով դա կաշխատի հիմա, կա շատ պարզ բանաձև. ինչքան շատ ընտրող մասնակցի ընտրություններին, այնքան այդ բաժանումը չի աշխատի: Ուղիղ առաջադրանք ընդդիմությանը՝ հնարավորինս շատ ընտրողներ բերել ընտրատեղամասեր հունիսի 7-ին:

– Իսկ դա ինչպե՞ս պետք է անի ընդդիմությունը:

– Արդյունավետ ընտրարշավով, հասարակության հետ շատ լավ կոմունիկացիայով, որ փոփոխությունների հույս տա մարդկանց: 

– Պարո՛ն Սուրենյանց, գործող իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, թե իրենք չունեն մտավախություն, որ սահմանադրական մեծամասնություն են ստանալու, քանի որ իրենք շոշափում են ժողովրդի զարկերակը: Ձեր գնահատմամբ՝ իսկապե՞ս իշխանությունը ունի 50 + 1 քվե ստանալու հնարավորություն:

– Իհարկե ունի մտավախություններ, այս ագրեսիվ, հիստերիկ, ոչ ծրագրային, անտագոնիստական ոճը հենց դրա հետևանք է: Եթե այդքան վստահ են, այդքան ձեռքբերումներ ունի, ապա շատ հանգիստ կարող էր մնալ ծրագրային ընտրարշավի տրամաբանության մեջ ու նման բառամթերք չօգտագործեր: Նիկոլ Փաշինյանը սոցիոլոգիական ճշգրիտ տվյալներ ունի իր ձեռքի տակ, որոնք վկայում են իր վարկանիշի գահավիժման մասին, սրա համար էլ ինքը նման վիճակի մեջ է ընկել: 

– Ձեր նշած վարկանիշի անկումը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված․ ընդդիմության ակտիվացո՞ւմով, թե՞ այլ օբյեկտիվ գործոններով։

– Ընդդիմությունը բավարար է աշխատել, ձախողել է իշխանությունը:

Քրիստինե Աղաբեկյան