«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
– Տիկի՛ն Հակոբյան, ապրիլի 11-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հանրահավաքը, որտեղ այդ թիմի ներկայացուցիչները վստահորեն նշում էին, որ Հայաստանի հաջորդ վարչապետը իրենց քաղաքական թիմի ղեկավար Սամվել Կարապետյանն է: Ինչպե՞ս եք վերաբերվում հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարություններին, ինչո՞վ եք պայմանավորում նրանց այդ վստահությունը:
– Դիտարկելով ձեր հիշատակած հանրահավաքը՝ կարող եմ ասել, որ քաղաքական կյանքում որևէ էական բան տեղի չի ունեցել: Ուրախ ենք, որ ազատորեն կարողանում են իրենց իրավունքները իրացնել ու ազատ հավաքներ անցկացնել: Որևէ էական քաղաքական հայտարարություն, տեքստ ես չեմ նկատել, միակ բանը որ նկատել եմ, ու ավելի շատ էր քննարկվում՝ Սամվել Կարապետյանի իրական, թե արհեստական լինելու մասին էր: Այլ որևէ էական միտք կամ խոսակցություն ես չեմ ֆիքսել:
-Վերջին շրջանում, այդ թվում՝ ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչների կողմից, հարցեր էին բարձրացվում Սամվել Կարապետյանի ուղերձի իսկության շուրջ, մասնավորապես՝ արհեստական բանականության կիրառման վերաբերյալ։ Հետագայում նշվեց, որ ուղերձը իրական է։ Ինչպե՞ս կգնահատեք այդ ուղերձը և դրա հնարավոր ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։
– Ճիշտն ասած, ես չեմ կարող գնահատել տեսանյութի իրական լինել-չլինելը, թող մասնագետները գնահատական տան, իսկ մեր ասածը՝ խոսելու հետ կապված, այո՛, վերաբերում է Սամվել Կարապետյանին, քանի որ վստահ ենք, որ խոսելու հետ կապված խնդիրներ ունի, դրա համար էլ չի խոսում, որովհետև խոսելու հետ կապված սահմանափակում չկար, էլ մարմին չմնաց, որը չի մեկնաբանել ու չի ասել, որ նա կարող է տեսաուղերձով հանդես գալ: Խուսափում էր, որովհետև մարդը խնդիրներ ունի, ինչպես տեսել ենք, խոսելու բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
Ինչ վերաբերում է ուղերձին. քաղաքական տեքստ, քաղաքական բովանդակություն ես չեմ տեսել, որ մի հատ էլ մեկնաբանեմ: Խոսեց, որ իր բիզնեսներն է հանձնելու իր զավակների կառավարմանը, բայց լավ կլիներ, որ մինչ դա ասեր՝ ինքը հրաժարվե՞լ է այլ երկրների քաղաքացիությունից, թե չէ: Ավելի լավ կլիներ սկզբի համար համապատասխանել Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ պահանջներին:
-Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ պարոն Կարապետյանը խոսելու խնդիր ունի։ Կխնդրեմ հստակեցնել։
– Փոխկապակցված խոսք, հայերեն մտածելակերպ, գրագետ նախադասություն կազմելու ունակություն չունի: Նրա իրական բոլոր տեսանյութերը, իրեն հարմար թեմաներով, անգամ այն թեմաների վերաբերյալ, որոնցից գլուխ է հանում, եթե լսեք, կհասկանաք՝ ինչ նկատի ունենք:
– «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները պնդում են, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները վախեր ունեն իրենց քաղաքական թիմից՝ մատնանշելով նաև հանրահավաքի մարդաշատությունը։ Ինչպե՞ս կարձագանքեք այս գնահատականներին․ կա՞ն նման վախեր ձեր թիմում։
– Ի՞նչ մարդաշատության մասին է խոսքը: Սամվել Կարապետյանի բիզնեսը կարող է ունենալ մի 10-12 հազար աշխատող, իսկ հրապարակ եկել էր այդքան մարդ, բազմաթիվ հնդիկներ կային, եթե վերցնենք, անգամ իրենց վարձու աշխատողներն այնտեղ չէին, այն էլ ավտոբուսով բերելու դեպքում: Իրենց շտաբի պետերն ասում էին, որ այսինչ տեղից 3 միկրոավտոբուս մարդ է եկել, իրենք են բերել, ամեն ինչ շատ ակնհայտ է, էլի, ի՞նչ խնդիր կա:
Ուզում եք ասել, որ 10 հազար մարդ աջակից ունեցող ուժը մեզ համար պրոբլե՞մ է, թե՞ 10 հազար աջակցություն ունենալով կարելի է Հայաստանում իշխանություն ձևավորել: Այդ 10 հազար աջակցությունը կարող են այսօր Հանրապետականներն էլ ունենալ, եթե հանրահավաք հրավիրեն, բայց մարդիկ ռեալ գնահատել են, որ իրենք չեն կարող որևէ բանի հավակնել ու անգամ չեն մասնակցում ընտրությունների:
– Նկատի ունեք, որ այդ հանրահավաքին ներկա էին հիմնականում Կարապետյանի բիզնեսներում աշխատող մարդի՞կ:
– Չէ՛, ասում եմ, օրինակ՝ իրենց վարձու աշխատողների թիվն այնքան է, որքան հանրահավաքի մասնակիցների թիվն էր, բայց այդ հանրահավաքին շատերը նաև նկատել են հնդիկ քաղաքացիների, այսինքն՝ անգամ իրենց վարձու բոլոր աշխատողները ներկա չէին: Եվ հետո, 12 հազար մարդ հավաքող միավորը չի կարող ասել, որ իրենից պետք է վախենան, ու ինքը գալիս է իշխանություն փոխելու:
Մենք տեսել ենք մարդաշատ ոչ միայն Ազատության հրապարակը, այլ նաև Հանրապետության հրապարակ ու միաժամանակ տեսել ենք Հանրապետության ողջ հրապարակներում մարդիկ, որոնք կարող են իշխանություն փոխել, ինչն էլ և եղավ հեղափոխության օրերին: Այսինքն՝ մենք տեսել ենք, թե ինչպիսի աջակցություն է պետք, որպեսզի լինի փոփոխություն, իրենց ունեցած աջակցությունը չի ենթադրում որևէ փոփոխություն, առավելևս՝ վախ մեզ մոտ:
– Փաստորեն, տիկի՛ն Հակոբյան չունե՞ք որևէ մտավախություն կամ անհանգստություն, որ Փաշինյանի ասած սահմանադրական մեծամասնությունը չեք կարողանա ստանալ:
– Մենք ամեն շաբաթ-կիրակի մարզերում ենք, մենք շփվում ենք քաղաքացիների հետ ու գիտենք, թե ինչ աջակցություն ունենք, դրա համար էլ հայտարարում ենք, որ մենք անգամ սահմանադրական մեծամասնություն ունենալու հավակնություն ունենք, ինչի՛ մասին է խոսքը: Մեզ ինչպե՞ս կարող է անհանգստացնել այդ պատմական կամ աշխարհացունց հռչակված 11-հազարանոց հանրահավաքը, ընդ որում՝ այդ իբր պատմական հանրահավաքի միակ հետքը Սամվել Կարապետյանի իրական, թե արհեստական լինելու քննարկումն է, սա ինչպե՛ս կարող է մեզ անհանգստացնել:
– Ճի՞շտ եմ հասկանում, որ դաշտում դեռևս չեք տեսնում այնպիսի քաղաքական թիմ, որն իրական անհանգստություն կպատճառի ձեր թիմին:
– Ո՛չ, իհարկե ոչ, որովհետև մենք շոշափում ենք մեր հասարակության զարկերակը, մեր հասարակությունը ցանկանում է ամրացնել այն խաղաղությունը, որն ունենք, իսկ այսօր քաղաքական դաշտում եղած մնացյալ այլընտրանքները հասարակությանն առաջարկում են խմբագրել, փոփոխել այն, ինչ կա:
Որևէ քաղաքացի չի ուզում նրանց առաջարկածը, մենք հյուսիսից մինչև հարավ քաղաքացիների հետ շփվելիս լսել ենք, որ իրենք ուզում են այսօր ունեցածն ամրապնդել, որևէ մեկը չի ուզում որևէ փոփոխություն ու խմբագրում: Խորհուրդ եմ տալիս նաև ընդդիմությանը գնալ և շփվել քաղաքացիների հետ ու նրանցից քաղաքական խոսք լսել և սովորել, որովհետև ընդդիմության արտաբերածը ո՛չ քաղաքական է, ո՛չ քաղաքացիական, ո՛չ հասարակական, չգիտեմ, թե ինչ է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















