Տիկնիկային թատրոնը չի կարողանա հյուրընկալել Vader խմբին իր դահլիճում. Հայտարարություն

Տիկնիկային թատրոնը չի կարողանա հյուրընկալել Vader խմբին իր դահլիճում. Հայտարարություն
Տիկնիկային թատրոնը չի կարողանա հյուրընկալել Vader խմբին իր դահլիճում. Հայտարարություն

Zhesht Events-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ցավով պետք է հայտնենք, որ որոշ ագրեսիվ տրամադրված մարդկանց տարածած ապատեղեկատվության ու սպառնալիքների պատճառով Տիկնիկային թատրոնը չի կարողանա հյուրընկալել մետալի աշխարհահռչակ պիոներ Vader խմբին իր դահլիճում։

Zhesht Events-ը արդեն 10 տարուց ավել շատ սուղ միջոցներով և միմիայն էնտուզիազմի հաշվին հայ հանրությանն է ներկայացնում երաժշտական ալտերնատիվ ու ժամանակակից ոճեր՝ 100-ավոր երիտասարդների համար ստեղծելով այլընտրանք արևելյան կլկլոցներին ու հիմնականում լճացած պոպ երաժշտությանը։ Այս 11 տարիների ընթացքում մենք կարողացել ենք Հայաստան բերել տասնյակ աշխարհահռչակ ռոք և մետալ խմբերի, որոնցից մեկն է նաև Vader֊ը, որը Հայաստան կայցելի իր մեծ համաշխարհային շրջագայության շրջանակներում։

Խումբը, ստեղծվելով 1983 թվականին, վերցրել է իր անունը շատերին հայտնի «Աստղային պատերազմներ» ֆիլմի գլխավոր կերպարներից մեկից։ Երգերի թեմատիկան հիմնականում պտտվում է 2-րդ համաշխարհային պատերազմի, սարսափ ֆիլմերի և հանրահայտ գրող Հովարդ Լավքրաֆթի ստեղծագործությունների շուրջ։ Այո, խումբը երբեմն իր ելույթներում օգտագործում է հակակրոնական ատրիբուտներ: Մեջբերելով խմբի ֆրոնթմենին՝ «Սատանիզմը մեզ համար զուտ ըմբոստության սիմվոլիզմ է և չի խորհրդանշում սեր չարիքի նկատմամբ։ Մենք օգտագործում ենք այդ սիմվոլիկան, որպեսզի մեր ըմբոստությունն արտահայտենք ընդդեմ այն ամեն վատի, ինչը կատարվում է աշխարհում՝ քաղաքական որոշումների, դաժանություն, պատերազմներ և այլն»։ Ահա սա նկատի ուներ նա իր արդեն հայտնի դարձած հարցազրույցում։

Ռոք երաժշտությունը, իր մեջ գրեթե միշտ կրելով ըմբոստ ոգի, հաճախ է պարսավանքի արժանացել․ սկսած Beatles֊ի ժամանակներից և, ցավոք, շարունակվում է մինչ այսօր։ Մետալ երաժշտական ոճի հիմնադիր համարվող Black Sabbath խմբի անդամները ծագման օրվանից բազմաթիվ մեղադրանքների ու քարկոծումների են ենթարկվել և, այդուհանդերձ, անգնահատելի է այն մարդասիրական աջակցությունը, որը խմբի կիթարահար Թոնի Այոմին ցուցաբերեց երկրաշարժի օրերին՝ իր արվեստը օգտագործելով հօգուտ երկրաշարժից տուժած ընտանիքների, որի համար արժանացել է ՀՀ նախագահի պատվո շքանշանի։ Նույն անձանց կողմից ներկայումս պարսավանքի է արժանանում նույնիսկ ցեղասպանության միջազգային ճանաչման համար տարիներով պայքարող System of a Down խումբը ։

Ինչ վերաբերվում է Տիկնիկային թատրոնին՝ այն տարիներ շարունակ եղել է հայ ռոք և մետալ հանրության սիրելի վայրը և կազմակերպիչների համար հանդիսացել է հարմար վարձակալության տարբերակ շնորհիվ գեղեցիկ բեմի և ձայնային ու լույսային տեխնիկայի հագեցվածության։ Սա էր թատրոնը համերգի անցկացման վայր ընտրելու միակ պատճառը, այլ ոչ թե այն, որ (մեջբերում ենք) «այդ շենքը լեցուն է մանուկների Աստվածային էներգիայով»։ Ի դեպ, հաշվի առեք, որ սա փակ համերգ է՝ նախատեսված միայն ոճի՝ 18 տարեկանը բոլորած սիրահարների համար։ Ամեն դեպքում մենք չափազանց շնորհակալ ենք Տիկնիկային թատրոնին այսքան տարվա աջակցության համար։

Հայաստանը աշխարհիկ պետություն է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն լսելու այն երաժշտությունը, որը ցանկանում են։ Հայաստանում պետք է ստեղծագործեն ամենատարբեր ժանրերի երաժշտական խմբեր և արտիստներ՝ ունենալով ստեղծագործելու ազատություն, առանց գրաքննված լինելու վախի։

Նման նախադեպերը մեծ խնդիրներ են առաջացնում կազմակերպիչների համար և Հայաստանի նկատմամբ վատ նախատրամադրվածություն առաջացնում արտասահմանյան շոուբիզնեսի ներկայացուցիչների մոտ։

Բոլորին խնդրում ենք սատար կանգնել Հայաստանում այլընտրանքային երաժշտության զարգացմանը, հորդորում ենք լսել այն ինչ կցանկանաք, լինի դա ռոք, մեթալ, թեքնո թե որևէ այլ ժանր, և լինել հանդուրժող ուրիշների նախընտրությունների նկատմամբ։

Vader live in Yerevan համերգը կայանալու է ամեն գնով։ Նոր տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրենք շուտով»