Անհեթեթ իրավիճակ կառավարությունում

Անհեթեթ իրավիճակ կառավարությունում
Անհեթեթ իրավիճակ կառավարությունում

Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել կասեցնել կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Այդ որոշումն իրագործելու համար մշակվել է վճարներ չկատարելու համար տույժերի կասեցման մասին օրինագիծ, որն էլ երեւի կհաստատի ԱԺ-ն առաջիկա քառօրյայի ընթացքում:

Աբրահամյանի այդ որոշումը բնականաբար գոհունակությամբ կընդունի հանրության մեծ մասը, քանի որ մեծ մասը դեմ է կուտակային պարտադիր բաղադրիչին: Կասկած չկա նաեւ, որ սա էլ հերթական միջանկյալ լուծումն է, որ պետք է Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում առաջին ամիսներին ահռելի ճնշումից խուսափելու համար:

Աբրահամյանի այդ որոշումը սակայն առաջացնում է բնույթով հակասահմանադրական իսկ տրամաբանությամբ՝ անհեթեթ մի իրավիճակ:

Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին կայացրել է որոշում, ըստ որի պարտադիր բաղադրիչը ճանաչվել է հակասահմանադրական: Սահմանադրական դատարանը գերագույն դատական ատյանն է Հայաստանում, որի որոշումները այսպես ասած վերջին խոսքն են: Փաստորեն, այդ գերագույն դատական ատյանը Հայաստանի քաղաքացուն արդեն իսկ ազատել է պարտադիր կուտակային վճարի պարտադիր բաղադրիչից:

Սակայն, որոշումից հետո տեղի ունեցավ անհեթեթության առաջին ակտը: Բոլորն են հիշում, որ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը մի հեռուստատեսությամբ նախ հայտարարեց, որ կուտակային բաղադրիչը պարտադիր չէ եւ արդեն իսկ ՍԴ որոշման հրապարակման պահից ով չի ուզում՝ կարող է չվճարել, իսկ երկու ժամ անց մեկ այլ հեռուստատեսությամբ գլուխը կախ եւ աչքերը թաքցնելով արդեն լրիվ հակառակն էր հայտարարում, որ մինչեւ սեպտեմբերի 30 պարտադիր պետք է վճարել:

Այսինքն, փաստացի տեղի ունեցավ իշխանության մակարդակով Սահմանադրության ոտնահարում եւ քաղաքացիներին մոլորեցնելու, նրանց վրա հոգեբանական ճնշում բանեցնելու ակտ: Ընդ որում, եղան քաղաքացիներ, գործատուներ, որոնք հայտարարեցին, որ չեն տրվելու հակասահմանդրականությանը եւ ՍԴ որոշման վրա հիմնվելով չեն վճարելու պարտադիր կուտակայինը:

Հիմա կառավարության նախաձեռնություն է հանդես բերվում, որով փաստորեն տույժերը կասեցվում են, այսինքն պարտադիր բաղադրիչը կասեցվում է: Այսինքն, կառավարությունը փաստացի օրինագիծ է մշակում մի բանի մասին, որի պատասխանը ՍԴ որոշումը՝ գերագույն դատարանի որոշումը արդեն տվել է: Կառավարությունը հայտարարում է, թե որոշել է կասեցնել մի բան, որը ՍԴ-ն իր որոշմամբ արդեն կասեցրել է, արդեն քաղաքացուն տվել է պարտադիր չվճարելու իրավական հիմք:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է անհեթեթություն: Այսինքն, ՍԴ որոշումը հեչ: Կասեցնել պետք է կառավարության նախաձեռնությամբ: Այլ կերպ ասած, կառավարությունում փաստացի շարունակվել է Սահմանադրության ոտնահարումը, որ սկսվել էր ՍԴ որոշման հրապարակումից անմիջապես հետո:

Հասարակության համար միգուցե կարեւոր չէ՝ Սահմանադրությունը ոտնահարելով, թե առանց դրա, միայն թե կասեցվի պարտադիր բաղադրիչը: Բայց, մեղմ ասած չի կարող առաջընթացի հունի մեջ հայտնվել հասարակությունը, որի համար միեւնույն է Սահմանադրության հանդեպ այն վերաբերմունքը, որ դրսեւորում է իշխանությունը կոնկրետ այս դեպքում: Կարդալ ավելին