Թրամփը հրահանգել է «Երկրի երեսից ջնջել» Իրանը, եթե այնտեղից իրեն սպանելու փորձ անեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից իր դեմ հնարավոր սպանության փորձի դեպքում կտրուկ պատասխան քայլեր կձեռնարկի։ NewsNation-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այդպիսի սցենարի համար արդեն իսկ «շատ հստակ հրահանգներ» է տվել՝ «ջնջել նրանց Երկրի երեսից»։

«Նրանք չպետք է նման բան անեն, բայց ես գրավոր հրահանգ եմ թողել, որ եթե երբևէ ինչ-որ բան պատահի, նրանց ամբողջ երկիրը կպայթեցվի։ Եթե ինչ-որ բան տեղի ունենա, նրանց կջնջեն Երկրի երեսից», – ասել է Թրամփը։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել էր, որ Թեհրանը լուրջ չի վերաբերվում Թրամփի սպառնալիքներին, սակայն ընդգծել է, որ Իրանի ղեկավարության դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն անպատասխան չի մնա։ Press TV-ի փոխանցմամբ՝ նա նախազգուշացրել է «ջախջախիչ պատասխան միջոցների» մասին։

Հունվարի 18-ին Թրամփը POLITICO-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը»։ Ավելի վաղ նա նաև զգուշացրել էր Իրանի դեմ կոշտ միջոցների հնարավոր կիրառման մասին՝ երկրում լայնածավալ անկարգությունների ճնշման ֆոնին։ Միևնույն ժամանակ անցյալ շաբաթ Թրամփը նշել էր, որ իր տեղեկություններով՝ Իրանի իշխանություններն այլևս չեն նախատեսում մահապատիժ կիրառել բողոքի ցույցերին մասնակցած անձանց նկատմամբ։

Իրանում բողոքի ցույցերը սկսվել էին դեկտեմբերի 28-ին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և բարձր գնաճի պատճառով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի տվյալներով՝ հունվարի 8-ից ցուցարարների շրջանում հայտնվել են նաև զինված խմբավորումներ։ Ավելի քան երկու շաբաթ տևած հակակառավարական ցույցերի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է մի քանի հազար մարդ, այդ թվում՝ իրավապահներ։