Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը նախորդ տարի աճել է շուրջ 7000 տոննայով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«2020-ին հանրապետությունից արտահանվել է շուրջ 146 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Դա շուրջ 7000 տոննայով ավել է, քան 2019-ին արտահանվածը»,-ասաց փոխնախարարը:
Ընդ որում 2020-ին արտահանվել է 89 հազար տոննա պտուղ, որից շուրջ 20 հազար տոննան՝ ծիրան, 11 հազար տոննան՝ խնձոր, 3.5 հազար տոննան՝ կեռաս և այլն:Շեշտակի աճել է կարտոֆիլի արտահանումը:
Գաբրիելյանը կարևորեց, որ համավարակի և պատերազմի պայմաններում նաև բավականին հաջող և լավ է իրականացվել գյուղկենդանիների պատվաստման ծրագիրը: «Արդյունքում չեն գրանցվել համավարակներ՝ չնայած այն հանգամանքին, որ բավականին շատ մասնագետներ հիվանդ էին կամ պատերազմի դաշտում էին: Սակայն մենք այդ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացրեցինք»,-ասաց փոխնախարարը: