Ryanair-ի ինքնաթիռի պատուհանը պոկվել է թռիչքի ընթացքում․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են օդանավից դուրս

Ryanair ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը Հունաստանում արտակարգ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ թռիչքի ընթացքում ուղևորասրահի պատուհաններից մեկը պոկվել է, իսկ ուղևորներից մեկը մասամբ հայտնվել է օդանավից պատուհանից դուրս։

Reuters-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը հուլիսի 10-ին Սալոնիկից ուղևորվում էր Գերմանիայի Մեմմինգեն քաղաք։ Թռիչքից կարճ ժամանակ անց պատուհանը վնասվել է, ինչի հետևանքով ուղևորասրահում ճնշման կտրուկ անկում է տեղի ունեցել, և բացվել են թթվածնային դիմակները։

Պատուհանի մոտ նստած 61-ամյա Սերբիայի քաղաքացու գլուխն ու ուսերը հայտնվել են ինքնաթիռից դուրս։ Մյուս ուղևորները կարողացել են նրան ներս քաշել։ Սերբական լրատվամիջոցների համաձայն՝ տղամարդուն պահել են ոտքերից, իսկ ամրացված անվտանգության գոտին ևս օգնել է կանխել նրա՝ օդանավից ամբողջությամբ դուրս ընկնելը։

Ինքնաթիռը բարեհաջող վերադարձել և վայրէջք է կատարել Սալոնիկի օդանավակայանում։ Տուժած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն բժիշկները շարունակում են գնահատել ստացած վնասվածքների աստիճանը։

Դեպքի ճշգրիտ պատճառը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է՝ շարժիչի վնասված մասերից մեկը հարվածել է պատուհանին և պոկել այն։ Տեսանյութերում երևում են վնասված պատուհանը, ուղևորասրահում կախված թթվածնային դիմակները և շարժիչի որոշ վնասվածքներ։

Reuters-ի տվյալներով՝ նույն ինքնաթիռը նախորդ օրը ևս Սարաևո մեկնելու ընթացքում թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել էր Սալոնիկ, սակայն այդ շեղման պատճառը դեռ պարզ չէ։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ պատրաստ է աջակցել հետաքննությանը։ Boeing ընկերությունը ևս ներգրավված է դեպքի ուսումնասիրությանը, իսկ ինքնաթիռը դեռևս մնում է Սալոնիկում։