ԱԱԾ-ն Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով հարուցել է քրգործ մարդուն առևանգելու հոդվածով

Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ  հարուցել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ եւ 131-րդ հոդվածների՝ պետական սահմանն ապօրինի հատելու և մարդուն առևանգելու հատկանիշներով։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։

2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: