«Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցն օգտագործելով՝ Ադրբեջանին ներքաշել Մաքսային միություն». ԼՂ հարցը` որպես խաղաթուղթ

«Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցն օգտագործելով՝ Ադրբեջանին ներքաշել Մաքսային միություն». ԼՂ հարցը` որպես խաղաթուղթ
«Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցն օգտագործելով՝ Ադրբեջանին ներքաշել Մաքսային միություն». ԼՂ հարցը` որպես խաղաթուղթ

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ վերլուծաբանների կողմից բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին՝ սկսած այն խնդրից, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր կտեղադրվեն, վերջացրած նրանով, որ ԼՂ հարցը Ռուսաստանն իր ձեռքում որպես խաղաթուղթ կօգտագործի: 

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը միանգամայն հնարավոր է համարում այն սցենարը, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցն օգտագործելով՝ Ադրբեջանին ներքաշել Մաքսային միություն:

«Չի բացառվում, որ մենք շուտով դրան ականատես կլինենք:Ի վերջո Ադրբեջանի վրա ազդելու այլ լծակ Ռուսաստանը չունի, քան Ղարաբաղը: Մենք մի անգամ դրան ակատես եղել ենք՝ 1921 թվականին: Չմոռանանք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվեց նույն Սովետական միության՝ Ռուսաստանի որոշմամբ»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Իսկ Հայաստանը շահը, ըստ Պապյանի, այդ դեպքում հաշվի չի առնվի:

«Ինչո՞ւ պետք է Հայաստանի շահը հաշվի առնվի, ինչ որ պետք էր Հայաստանից ստանալ, նրանք արդեն ստացել են: Մենք հիմա այլևս տալիք չունենք, բացի Ղարաբաղից»,- ասում է նա:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը նկատում է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ազդվում է Ղարաբաղի գործոնից, իսկ այդ գործոնի բանալիները Ռուսաստանի մոտ են գտնվում:

«Ոչ թե Ռուսաստանը կարող է օգտագործել Ղարաբաղի գործոնն  Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համար, այլ առնվազն վերջին 25 տարում, իսկ իրականում երևի վերջին 90 տարում, Ղարաբաղի գործոնը շատ կարևոր լծակ է եղել Ռուսաստանի ձեռքին: Եվ նման գործոններն ընդհանրապես համաշխարհային քաղաքականության մեջ գերտերություններին ձեռքին միշտ օգտագործվել են: Դա չի վերաբերվում միայն Ռուսաստանին, դա վերաբերվում է նաև մյուս գլոբալ խաղացողներին»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ չլուծված հիմնախնդիրները համաշխարհային քաղաքականության գործիքներից մեկն են: Դա կարող է և օգտագործում է Ռուսաստանը, օգտագործում են նաև այլ երկրներ:

«Տեսեք, Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո արդեն Եվրամիությունը կոշտացնում է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Սա տվյալ դեպքում Հայաստանի վրա որպես ճնշելու գործիք են օգտագործում: Այսինքն՝ դա իրականությունն է, և մենք պետք է դա միշտ հաշվի առնենք», – ասում է վերլուծաբանը:

Հարցին, թե ինչո՞ւ այս փուլում Ադրբեջանը բացահայտ չի ներկայացնում նման  հավակնություն, որ պատրաստ է Ղարաբաղը ստանալու դիմաց միանալ Մաքսային միությանը, Արա Պապյանը պատասխանում է, որ միգուցե արդեն այսօր նման սակարկություն գնում է:

«Մենք չգիտենք` կա, թե չկա նման հավակնություն, իսկ միգուցե այսօր սակարկությունը գնո՞ւմ է: Չմոռանանք, որ Ադրբեջանի նավթային շահերը Արևմուտքի՝ British Petroleum-ի հետ են: Հետևաբար, առանց British Petroleum-ի համաձայնության Ադրբեջանը չի գործի: Եթե Ռուսաստանը որոշի Ղարաբաղը Ադրբեջանին տալ, ապա պատերազմը կբերի նրան, որ կավերվեն բոլոր ենթակացուցվածքներն ու British Petroleum-ի ներդրումները: Հետևաբար Արևմուտքը շահագրգռված չէ այդ տարբերակով, դրա համար էլ առայժմ հարցը չի քննարկվում»,- ասում Արա Պապյանը:

Ստեփան Դանեիլյանը կարծում է, որ Ռուսաստանը չի կարող ուղղակի ասել, որ Մաքսային միությանը միանալու դիմաց Ադրբեջանին «կհանձնի» Ղարաբաղը: Նրա խոսքով՝ Ղարաբաղի հարցն այս կամ այն ձևով լուծելուց հետո Ռուսաստանը կկորցնի Հարավային Կովկասը:

«Այսինքն՝ Ղարաբաղի հարցի լուծումը Ռուսաստանին ձեռնտու չէ ոչ հայերի օգտին, ոչ ադրբեջանցիների»,- ասում է Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ Ռուսասանին ձեռնտու է հարցի չլուծված իրավիճակը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am