«Հայաստանը պետք է հենց այսօր ճանաչի Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը և դիմի Հաագա՝ Ալիևին պատժելու համար». Արման Զրվանդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արման Զրվանդյանը

– Պարո՛ն Զրվանդյան, Ադրբեջանն արդեն երկրորդ օրն է՝ զինված հարձակում է իրականացնում Հայաստանի տարածքում՝ թիրախավորելով ռազմական և քաղաքացիական օբյեկտներ: Միջազգային իրավական ի՞նչ հնարավորություններ կան օգտագործելու Ադրբեջանի դեմ:

– Իրավական մի քանի գործիքներ գոյություն ունեն, որոնք կարող է օգտագործել Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Առաջին քայլը, որ կարող է անել Հայաստանը, դիմել ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի դատարան ընդդեմ Ադրբեջանի հարձակման, ագրեսիայի ակտի, ցուցաբերած վնասների համար, ի վերջո՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար: Չէ՞ որ Ադրբեջանը խախտել է այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են՝ ուժի չկիրառումը, մեկ այլ երկրի սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը չխախտելը:

Մյուս քայլը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելն է, որը կարծես Հայաստանի ներկայացուցիչն արել է: Այստեղ պետությունները դիմում են, երբ մարդու իրավունքներն են խախտվում:

Այս գործիքները հասանելի են, և Հայաստանը կարող է դրանք կիրառել: Բայց ես կողմնակից եմ մյուս ամենակարևոր միջոցի կիրառմանը՝ Հաագայի Միջազգային քրեական դատարան դիմելուն: Ինչո՞ւ եմ այս միջոցի օգտագործման կողմնակից, որովհետև մնացած բոլոր դեպքերում, եթե նույնիսկ մեր օգտին լինեն, կիրառվելու են Ադրբեջան պետության դեմ: Բայց Միջազգային քրեական դատարան դիմելու պարագայում Քրեական դատարանը դատում է ոչ թե պետությանը, այլ դրա ղեկավարին, գլխին՝ այս դեպքում՝ Ալիևին: Միջազգային քրեական դատարանը կարող է մեղադրանք առաջադրել, հետախուզում հայտարարել, դատել և, ի վերջո, քրեական պատասխանատվության ենթարկել ֆիզիկական անձին: Դա կարող է լինել Ալիևը, գեներալները, շտաբի պետերը:

Չորրորդ միջոցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն է, որն արդեն ամբողջովին քաղաքական գործընթաց է:

– Ի դեպ, Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայաստանի վերաբերյալ հարցը բարձրացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և այսօր քննարկում է սպասվում:

– Այո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 15 անդամներով և 5 մշտական անդամներով ՄԱԿ-ի համարյա ամենաքաղաքականացված մարմինն է: Պետք է լինի նիստ՝ որոշելու՝ կա՞ արդյոք ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, թե՞ ոչ, այսինքն՝ արդյոք կա՞ սպառնալիք միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: Այս հարցն է որոշվելու, ինչի համար պետք է քվեարկություն լինի: Ընդ որում՝ դրական ելքի համար 5 մշտական անդամներից որևէ մեկը չպետք է դեմ քվեարկի:

Իսկ 5 մշտական անդամներն են՝ ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան: 15 անդամներից 9-ը պետք է կողմ քվեարկեն, որ բանաձևն անցնի, և երեկվա ու այսօրվա իրադարձությունները համարվեն սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Բայց եթե 5 մշտական անդամներից մեկը վետո դրեց, այդ բանաձևը չի անցնի: Օրինակ՝ Սիրիայի բանաձևը չի անցնում արդեն 11 տարի:

Բայց եթե այդ 5 անդամներից որևէ մեկը ձեռնպահ քվեարկի, այդ դեպքում էլ բանաձևը կանցնի: Իմ ենթադրությամբ, շատ քիչ հավանական է, որ Հայաստանի վերաբերյալ բանաձևը նույնիսկ քվեարկության հասնի, բայց եթե հասնի էլ, քիչ հավանական է, որ դրական քվեարկություն կլինի:

– Լավ, Միջազգային քրեական դատարան դիմելը, ըստ ձեզ, արդյունավետ կամ իրակա՞ն միջոց է Հայաստանի համար:

– Առանց չափազանցելու եմ ասում՝ սա միակ միջոցն է հենց անհատին հասնելու և հենց նրան պատասխանատվության ենթարկելու համար:

Տեսեք՝ եթե ՄԻԵԴ-ը մեր օգտին վճիռ կայացնի, լավագույն դեպքում արձանագրի, որ իրավունքի խախտում է եղել, ու վերջ, կարող է նույնիսկ փոխհատուցում էլ չլինի: ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է պետությանը, որը կարող է անտեսել ու չկատարել այդ որոշումը՝ չնայած միջազգային տարբեր հարթակների ճնշումներին: Անձերին՝ ոչինչ: Բայց երբ մեղադրանք առաջադրվի կոնկրետ անձին, օրինակ՝ երկրի գլխին, սա արդեն լուրջ է:

Նախ՝ մենք կարո՞ղ ենք օգտագործել, թե՞ ոչ, որովհետև Հայաստանը նույնիսկ չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը: Այսինքն՝ Հայաստանը անդամ պետություն չէ, ինչպես ՄԻԵԴ-ում, ինչպես ՄԱԿ-ում: Փորձեք որպես լրագրող հետաքրքրվել՝ ինչո՞ւ Հայաստանը չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, որն ուժի մեջ է մտել 2002 թվականին, իսկ Հայաստանն էլ ստորագրել է: Չի վավերացրել, այսինքն՝ չի ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը:

– Գուցե այն պատճառո՞վ չի ստորագրել, որպեսզի չներգրավվի որևէ գործով որպես մեղադրյալ:

– Այո, որովհետև կա մի մտայնություն՝ եթե մենք վավերացնեինք և եթե կատարեինք 4 խումբ հանցագործություններ՝ ռազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ցեղասպանություն և ագրեսիայի հանցագործություն, ապա մեր երկրի քաղաքական, ռազմական ղեկավարությանն էլ էր հնարավոր պատասխանատվության ենթարկել:

Սխալ է մտածել, որ եթե մենք պատերազմող երկիր ենք, չպետք է վավերացնենք: Պատերազմող երկիր ենք, բայց միշտ զոհի, խփվողի կարգավիճակում ենք: Այս կանոնադրությունը չեն վավերացնում ագրեսիվ ռազմական գործողություններ կատարող երկրները: Ես մտավախություն ունեմ՝ որոշ երկրներ շահագրգռված չեն, որ Հայաստանը վավերացնի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը:

Հիմա ավելի կոնկրետ՝ ինչ պետք է անել: Նախ՝ կարող ենք վավերացնել այդ կանոնադրությունը, բայց եթե հիմա վավերացնենք, ապա դա կարող է տարածվել վավերացնելուց հետո իրականացվող գործողությունների վրա: Այսինքն՝ այն, ինչ եղել է սեպտեմբերի 13-ին, կմնա լուսանցքից դուրս:

Բայց կա այլ միջոց՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 13-րդ հոդվածի 2-րդ կետով կա հետևյալ հնարավորությունը. չվավերացրած պետությունը իրավունք ունի առանց վավերացնելու դիմել Միջազգային քրեական դատարանի ղեկավարությանը և հայտարարությամբ ճանաչել Միջազգային քրեական դատարանի կանոնադրության և այդ դատարանի իրավազորությունը իր տարածքի նկատմամբ:

Օրինակ՝ ՀՀ իշխանությունները հենց հիմա, հենց այսօր կարող են մի հայտարարություն ուղարկել Հաագա դատարանի նախագահին կամ քարտուղարին և հայտարարել, որ իրենք ճանաչում են Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ նշելով կոնկրետ ամսաթիվն ու տարեթիվը, թե որ պահից են ճանաչում: Նույնիսկ կարող են ներառել 2016-ի ապրիլյան պատերազմը, Հայաստանի տարածքի նկատմամբ կիրառված ագրեսիաները:

Ես խորհուրդ կտայի այսպես անել՝ հայտարարության մեջ նշել, որ ճանաչում են Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, որտեղ, ակնհայտ է՝ տեղի է ունեցել ագրեսիայի հանցագործություն: Մեր տարածքում հանցագործություն կատարածները պետք է պատժվեն: Եթե Հայաստանի տարածքում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը գործում է, ապա հիմքեր են ստեղծվում ագրեսիայի հանցագործությունը պլանավորողներին, կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Միջազգային քրեական դատարանի համար երկրի ղեկավարի իմունիտետ կամ անձեռնմխելիություն գոյություն չունի: Կա նախադեպ՝ Սուդանի նախագահի հետ կատարվածը. նախ նրան մեղադրանք առաջադրեցին մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար, տվեցին ձերբակալման սանկցիաներ, ինչի հետևանքով նա չէր կարողանում երկրից դուրս գալ:

– Չե՞ք կարծում արդյոք, որ ձեր մատնանշած իրավական ճանապարհը կարող է խոչընդոտել Հայաստան-Ադրբեջան քաղաքական բանակցությունները:

– Կներեք, բայց պատերազմ է, հանցագործություն է կատարում այլ երկրի վերնախավը մեկ այլ երկրի բնակչության նկատմամբ: Իսկ գուցե աջակցի՞ այս ճանապարհը բանակցային գործընթացին, գուցե ճնշո՞ւմ լինի այդ գործընթացի վրա, սա կարող է լծակ լինել մեր ձեռքին: Եթե դիմենք դատարան, դատարանը կարող է քննություն իրականացնել, և մյուս կողմը կարող է լուրջ ընդունել ու զսպել իրեն՝ քրեական հետապնդման չենթարկվելու վախից:

– Պարո՛ն Զրվանդյան, ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Հայաստանը միշտ դիմում ՄԻԵԴ, որտեղից գործնական քայլեր գրեթե չեն արվում: Միգուցե դա հե՞շտ ճանապարհ է:

– Այո՛, դա մատչելի, հասանելի ճանապարհ է, և հենց դրա համար էլ Հայաստանը մշտապես դիմում է ՄԻԵԴ: Եվրոպական դատարանն իր հերթին արագ արձագանքում է, միջանկյալ միջոցներ է կիրառում, այլ բան է, որ դրանք կարող են չկատարվել, արհամարհվել մյուս պետության կողմից: Դա արագ, հասանելի միջազգային միջոց է, որը օգտագործում է մեր պետությունը: Այդ միջոցը Ադրբեջանին բացարձակ նեղություն չի պատճառի: Բայց Միջազգային քրեական դատարան դիմելը կոնկրետ մեղադրանք է անձի նկատմամբ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am