ԱՆ-ն մշակում է ժամանցի վայրեր այցելելու համար պարտադիր պատվաստման կամ թեստավորման պահանջի նախագիծ․ Ազատություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի համարում, որ իր ղեկավարած գերատեսչությունը տապալել է պատվաստումային գործընթացը: Կրկին նախարարը հիշեցնում է, որ պատվաստումը չի բացառում հիվանդությունը, բայց նվազեցնում է վարակման ռիսկը, ինչպես նաև մահացածության ցուցանիշը:

Անահիտ Ավանեսյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Վարչապետի հանձնարարականից հետո քննարկվել է համատեղ գործողությունների ավելի հստակ ընթացակարգերի իրականացումը


Քովիդի դեմ պայքարն ու պատվաստումների ամբողջ գործընթացի կազմակերպումը համալիր գործողությունների մի ամբողջություն է ներկայացնում, և իհարկե դա Առողջապահության նախարարության ուղիղ գործառույթն է, ու դրա մեծ մասը ԱՆ-ի իրավասությունների շրջանակում է, ասաց նախարարը` ի պատասխան հարցի, թե ինչ են արել այդ գործընթացը բարելավելու համար: Նախարարը շարունակեց, որ ամեն դեպքում որոշ գործողություններում այլ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը ևս անհրաժեշտ է:

Հիշեցնենք, կառավարության նախորդ նիստում առողջապահության նախարարը զեկուցեց, որ պատվաստման գործընթացում թեև ակտիվացում կա, սակայն դա բավարար չէ։ Ավանեսյանը սլաքներն ուղղեց այլ կողմ՝ նշելով, որ այստեղ պատասխանատվության մեծ բաժին ունեն պատվաստման դեմ քարոզ տանողները։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ նախարարությունից արդարացումներ, բողոքներ չպետք է հնչեն, թե ով է խանգարում պատվաստման գործընթացին, ասաց՝ պետք է գործի դնել վարչական լծակները:

Ըստ նախարարի` նիստից հետո քննարկվել է համատեղ գործողությունների ավելի հստակ ընթացակարգերի իրականացումը, որը պետք է օգնի ընդհանուր առմամբ պատվաստումների ցուցանիշների բարելավմանը:

Նոր նախագիծ

Նախարարը տեղեկացրեց նաև, որ դիտարկում են ժամանցի վայրեր` համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը. «Հիմա դրա վրա աշխատում ենք, հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմները ինչպես պետք է լինեն: Նախնական նախագիծը առաջիկայում` երկու շաբաթվա ընթացքում կլինի»:

Պաշտոնավոր, թե ոչ պաշտոնավոր փակ տարածքում դիմակ կրելը կարևոր է​

Անկախ նրանց պաշտոնավոր է, թե ոչ պաշտոնավոր փակ տարածքում դիմակ կրելը կարևոր է, նշեց Ավանեսյանը` հավելելով. «Այսօր մենք ունենք գերլարված առողջապահական համակարգ, որն արդեն իսկ դժվարություն ունի օրվա կտրվածքով հոսպիտալացնել քաղաքացիներին:

Ունենք բուժաշխատողների սահմանափակ ռեսուրս: Դիմակները շատ գործուն մեխանիզմ են, որ այսօրվանից էլ նվազեցնենք վարակման տեմպերը»: