Hetq.am – Սեպտեմբերի 27-ին Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայից առաջ եւ դրա ընթացքում կատարվող օդային բեռնափոխադրումներին մի քանի անգամ անդրադարձել ենք։
Մասնավորապես՝ ադրբեջանական «Silk Way Airlines» եւ դրան փոխկապակցված «Silk Way West Airlines» ավիաընկերության ինքնաթիռները ստանձնել են ագրեսոր բանակի մատակարարման գործը պատերազմի նախապատրաստական փուլում եւ այս օրերին։ Գրել ենք, օրինակ, Իսրայելի Թել Ավիվ եւ Էյլաթ, ինչպես նաեւ թուրքական Անկարա, Ստամբուլ, Թեքիրդաղ, Դալաման քաղաքներից դեպի Ադրբեջան (Բաքու) կատարվող փոխադրումների մասին։
Քանի որ վերջին հոդվածը հրապարակել էինք հոկտեմբերի 5-ին, այժմ տեսնենք, թե դրանից հետո ադրբեջանական բեռնատար օդանավերը քանի անգամ են ռազմատեխնիկական գործընկեր Թուրքիայից ու Իսրայելից թռիչքներ կատարել իրենց երկիր։ Բնականաբար, սա չի նշանակում, թե այլ երկրներից Ադրբեջանը չի կարող զենք բերել։ Պարզապես հայկական կողմի հետ պատերզմի մեջ գտնվող այս երկրի սկանդալային «Silk Way Airlines» օպերատորի ինքնաթիռները, որոնք նախկինում հայտնվել են զենքի փոխադրման մութ պատմությունների կիզակետում, վերջին օրերին մեծածավալ չվերթներ են իրականացնում հենց Թուրքիա եւ Իսրայել, իսկ մյուս կողմից՝ գաղտնիք չէ, որ այս երկուսն Ադրբեջանի զենք-զինամթերքի մատակարարման հիմնական աղբյուրներից են։
Համաձայն aerotransport.org տեղեկատվական բազայի՝ «Silk Way Airlines»-ի ավիապարկում կա 9 բեռնատար օդանավ՝ 8 հատ «Իլ-76» եւ 1 հատ «Ան-12», որոնցից ներկայում ակտիվ են 5 հատ «Իլ-76»-եր։
Քանի որ այդ 5 ինքնաթիռներից ոչ բոլորն են Թուրքիա ու Իսրայել թռել հոկտեմբերի 6-ից մինչ օրս, ստորեւ կանդրադառնանք միայն այն բորտերին, որոնք մեկնել են այդ ուղղություններով։
Նորից նշենք, որ բոլոր թռիչքները կատարվել են Վրաստանի երկնքով, որի կառավարությունը հայտարարել է, թե իբր թույլ չի տալու իր երկնքով ռազմական բեռի փոխադրումը կոնֆլիկտի գոտի։ Նկատենք, սակայն, որ դրանից հետո Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատարը (գրանցումը՝ 4K-78131) փոխադրումներ չի կատարել, ինչը, թերեւս, պայմանավորված է նրանով, որ այն համարվում է ռազմական ինքնաթիռ, հետեւաբար առժամանակ զրկվել է Վրաստանի երկնքով թռիչքներ կատարելու հնարավորությունից։ Սակայն նույն «Silk Way Airlines»-ը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը բեռնափոխադրումներին։
Մանրամասները՝ Hetq.am-ում