Պայքար կոռուպցիայի դե՞մ. Ադրբեջանի նախագահը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների է աշխատանքից ազատել

Պայքար կոռուպցիայի դե՞մ. Ադրբեջանի նախագահը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների է աշխատանքից ազատել
Պայքար կոռուպցիայի դե՞մ. Ադրբեջանի նախագահը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների է աշխատանքից ազատել

Իլհամ Ալիեւը խոստացել է ազատել երկիրը կոռումպացված տեղական իշխանություններից, որոնք, սակայն, շատերը համարում են նրա իսկ վարչակարգի արգասիքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աշխատանքից հեռացրել է անցյալ ամիս զանգվածային անկարգություններով աչքի ընկած շրջանի նահանգապետին, սակայն երկրի ղեկավարի այս քայլը դիտվում է որպես երկրում տիրող կոռուպցիայի խնդրից հեշտությամբ ազատվելու փորձ:

Փետրվարի 14-ին նախագահը պաշտոնանկ արեց Իսմայիլի նահանգապետ Նիզամի Ալեքպերովին: Իսմայիլ քաղաքում սկսված զանգվածային անկարգությունները ծագել էին Ալեքպերովի զարմիկի մասնակցությամբ տեղի ունեցած ընդհարումից, որը հետագայում վերաճեց զայրույթի ալիքի`ուղղված տեղական իշխանությունների սխալ կառավարման եւ տարածված կաշառակերության դեմ: Նիզամի Ալեքպերովի եղբայրը Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքպերովն է (տե’ս «Արյունալի բախումներ ադրբեջանական քաղաքում» եւ «Ադրբեջաբնում երկու ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել հոդվածները):

Երբ ընդդիմությանը հարող «Յենի Մուսավաթ» թերթում հրապարակվեց Նիզամի Ալեքպերովի ունեցած անշարժ գույքի ցուցակը, այդ թվում`գործարաններ, շենքեր, հողատարածքներ ու ընկերություններ, նախագահ Ալիեւը որոշեց իր վրդովմունքն արտահայտել այս կապակցությամբ:

«Նրանք ուղղակի լկտիացել են: Զգուշացնում եմ`եթե սա կրկնվի, որդիները քրեական պատասխանատվության կենթարկվեն, իսկ նրանց հայրերը աշխատանքից կազատվեն», – հայտարարել է Ալիեւը փետրվարի 12-ին երկրի շրջանների զարգացմանը նվիրված մամլո ասուլիսի ժանանակ:

Պարզ չէ, թե հատկապես ում ի նկատի ուներ նախագահը իր այս հայտարարությունն անելիս: Նա միայն նշեց, որ կոռուպցիայի մեջ կասկածվող անձինք «գիտեն, թե ես ում մասին եմ խոսում»:

Ալեքպերովի պաշտոնանկության նախորդ օրը լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի կենտրոնական Շամախիի շրջանի նահանգապետ Ազիֆ Մամեդովը նույնպես հեռացվել էր պաշտոնից: Շրջանառվող տեղեկությունների համաձայն`եւս երեք շրջանների նահանգապետներին նույն ճակատագիրն է սպասվում:

«APA» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը նշել է, որ նախագահ Ալիեւը երկրի բոլոր տեղական իշխանությունների ներկայացուցիչներին նախազգուշացում է արել:

«Կարծում եմ`բոլոր պետական պաշտոնյաները եւ կենտրոնական ու շրջանային գործադիր մարմինների ղեկավարները համապատասխան եզրակացությունների կհանգեն: Կայացվող որոշումները վերաբերում են այն անձանց, ովքեր թերացել են իրենց պարտականություններում եւ չեն արդարացրել նախագահի վստահությունն իրենց նկատմամբ», – նշել է Հասանովը:

Ադրբեջանի Միլի մեջլիսի անկուսակցական պատգամավոր Էլմիրա Ախունդովան այն կարծիքին է, որ տեղական իշխանությունների ղեկավարները անտարբեր են եւ չեն կարողանում լուծել իրենց առջեւ ծառացած իրական խնդիրները:

«Նահանգապետերը, չնայած այն փաստին, որ ընտրողների հետ հանդիպումներ են կազմակերպում եւ ճանապարհորդում գյուղերով, պարզապես ձեւացնում են, թե պատասխանում են մարդկանց բողոքներին: Լուրջ խնդիրներ կան հողատարածքների զավթման, հողի պակասի, իշխանության չարաշահումների, գյուղացիներին պատկանող տարածքները այլ մարդկանց կողմից օգտագործելու, այս կապակցությամբ գյուղացիների միջեւ, ինչպես նաեւ նրանց եւ տեղական իշխանությունների միջեւ վիճաբանությունների հետ կապված: Տեղական իշխանությունները կամ չեն լուծում այս խնդիրները կամ էլ պարզապես ի վիճակի չեն դա անելու», – կարծիք է հայտնել Ախունդովան:

Իսմայիլում տեղի ունեցած ընդհարումներից հետո, Ալիեւին 2 շաբաթ պահանջվեց որոշակի քայլեր ձեռնարկելու համար, ինչը ստիպեց վերլուծաբաններին ենթադրել, որ նախագահը չի կարողանում պատշաճ կերպով վերահսկել բարձրաստիճան պաշտոնյաներին:

«Իր ենթականերին քննադատելով`Ալիեւը փորձում է հասարակության զայրույթը շեղել իրենից եւ ուղղել իր պաշտոնյաների վրա: Այս տարի`նախագահական ընտրությունների նախաշեմին, նա որոշել հեռու մնալ սեփական կոռումպացված շրջապատից: Սա կարող է մեծացնել նրա վայելած ժողովրականությունը, սակայն կարող է թուլացնել նրա դիրքերը սեփական թիմում», – ասում է «Ատլաս» վերլուծական կենտրոնի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն:

Այլ վերլուծաբանները նշում են, որ ձեւական պաշտոնանկությունները չեն կարող որեւէ լուծում տալ Ադրբեջանում եղած խնդիրներին, չեն կրճատի գործազրկության բարձր մակարդակը եւ Ռուսաստանի Դաշնություն ուղղված աշխատանքային միգրանտների մշտական արտահոսքը:

Տնտեսական բարեփոխումների աջակցության կենտրոնի ղեկավար Ազեր Մեհդիեւը նշում է, որ տեղական իշխանությունների անբերախղճությունը պարզապես պայմանավորված է պետության ընդհանուր կառավարման որակով:

«Նախագահի կողմից նշանակվող նահանգապետները իրենց այնպես են պահում, կարծես ազնվականներ լինեն: Կենտրոնացված իշխանական ողջ համակարգը նույն սկզբունքի հիման վրա է կառուցված: Տեղական իշխանությունների ղեկավարները հաշվետու չեն ոչ խորհրդարանի, ոչ էլ ժողովրդի առջեւ, եւ նրանց գործելակերպը թափանցիկ չէ: Կոռուպցիան ծաղկում է», – ասում է նա:

Մեհդիեւի կարծիքով, կադրային մի քանի փոփոխությունները անօգուտ են կոռուպցիան արմատախիլ անելու տեսանկյունից:

«Լուրջ փոփոխություններ պետք է սկսվեն, եւ դրանց մեկնարկը պետք է այս տարի լինի», – ասաց նա`զգուշացնելով վերահաս «դժգոհության ալիքի» մասին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ նրա արտասահմանյան գործընկերների շրջանում:

«Առանց համակարգի եւ վարչակարգի փոփոխության, երկրի կառավարման որակը չի փոխվի», – ասում է նա:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարն այն կարծիքին է, որ նախագահը չափազանց երկար սպասեց Ալեքպերովին աշխատանքից ազատելու համար. նա պետք է այդ քայլին դիմեր անմիջապես զանգվածային անկարգություններից հետո:

«Վերջին ամիսներին Ալիեւի բոլոր գործողությունները պայմանավորված են եղել գալիք ընտրությունների հետ կապված պատրաստություններով: Պետք է նշել, որ նա անգամ չի էլ կարողանում հստակ հայտարարել, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել վերընտրվելու համար: Որքան էլ որ Ալիեւը ցանկանա երրորդ անգամ նախագահ դառնալ, նա գիտակցում է, որ այս քայլը բացասական ընդունելության կարժանանա թե երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս, այդ պատճառով էլ հետաձգում է իր թեկնածության առաջադրման մասին հայտարարությունը», – ասում է Իսա Ղամբարը:

Քեմալ Ալի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: www.iwpr.net