Ալելույա. Պարույր Հայրիկյանը դիմեց ՍԴ, սակայն հնարավոր է դիմումը հետ վերցնի

Ալելույա. Պարույր Հայրիկյանը դիմեց ՍԴ, սակայն հնարավոր է դիմումը հետ վերցնի
Ալելույա. Պարույր Հայրիկյանը դիմեց ՍԴ, սակայն հնարավոր է դիմումը հետ վերցնի

Երկարատեւ իրարամերժ հայտարարություններից, զուգահեռ քննարկումներից, քննադատություններից եւ սպասումներից հետո, քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան: Ինչպես հաղորդում է tert.am լրատվական կայքը, Հայրիկյանին ՍԴ էին ուղեկցում նրա փաստաբանն ու օգնականը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետեւանքով նախագահի թեկնածուն աջ ուսի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, շատերը սպասում էին, որ վերջինս կօգտվի իր սահմանադրական իրավունքից եւ կհետաձգրի ընտրությունները: Սակայն, օրեր շարունակ Հայրիկյանը իրարամերժ հայտարարություններ էր անում` ՍԴ դիմել-չդիմելու վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 52-ի, «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը»։

Թեեւ շատերը նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի պահվածքը կարող են նմանեցնել երիցուկի թերթիկներով գուշակություններ անող եւ մյուս րոպեին փոշմանող մի մարդու, այնուամենայնիվ, նրա դեմ մահափորձից 10 օր անց էլ նախընտրական փուլում գտնվող Հայաստանում դեռ հստակ չգիտեն` նախագահական ընտրություններն այնուամենայնիվ տեղի կունենան նախատեսվածի համաձայն փետրվարի 18-ին, թե ոչ:

Այսօր, Հայրիկյանը կրկին նմանատիպ ոչ հստակ մի հայտարարություն է արել Սահմանադրական դատարանի մոտ: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում հաջողվի ընդդիմադիր թեկնածուներով միավորվել, ապա ինքը հետ կվերցնի իր դիմումը, եւ ընտրությունները կկայանան նախատեսվածի համաձայն` փետրվարի 18-ին:

«Դրանով իմ հավասար մասնակցության իրավունքը խախտվում է, որը սակայն կփոխհատուցվի միասնական թիմի ստեղծումով»,– ըստ tert.am-ի ասել է նա:

© Medialab.am