Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հեղինակ MediaLab

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանիի գլխավորած պատվիրակությանը: 

Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռուստամ Բադասյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, արդյունավետ է որակել դեսպանատան հետ համագործակցությունը և բարձր գնահատել նախկին դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի ներդրած ջանքերը՝ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման, սնանկության ոլորտի օրենսդրության բարեփոխման աշխատանքներում:   

ՄԹ դեսպանության ժամանակավոր հավատարմատարը համագործակցության շարունակականության հանձնառությունն է հայտնել՝ ուղղված Հայաստանի Կառավարության հավակնոտ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորություններին, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման աշխատանքներին և սահմանադրական բարեփոխումներին: