«Ամեն օր նրա գալուն ենք սպասում, չենք հավատում, որ ինքն էլ երբեք հետ չի գա»․ ավագ լեյտենանտ Խաչատրյանը զոհվել է Կարմիր Շուկայում

«Հոկտեմբերի 11-ին խոսեցի, ասեց՝ ամեն ինչ լավ ա լինելու, ձեր մեջքները ամուր ա, Հայաստան մնացեք, մինչև կպրծնենք, կգանք։ Դրանից հետո կապերը անհասանելի են դառնում, հետո իմանում ենք էդ վատ լուրը․․․»- կսկիծով պատմում է 31-ամյա Վեներա Խաչատրյանը, որը պատերազմում կորցրել է ամուսնուն՝ 31-ամյա Արման Խաչատրյանին։

Արման Խաչատրյանը սովորել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում, ավարտելուց հետո զորակոչվել բանակ, այնուհետև զինվորական ծառայության է անցել, ծառայել տարբեր զորամասերում։ 

Սովորել է նաև Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռազմագիտության ու ֆիզկուլտուրայի բաժնում, վերապատրաստումներ անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 

Ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ Մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ անձնվեր ծառայության համար արժանանալով մեդալի։ 

Սեպտեմբերի 27-ին պետք է հիվանդանոց պառկեր՝ առողջական խնդիրների համար բուժվելու նպատակով, սակայն պատերազմի լուրն առնելուն պես, կինն ասում է՝  մոռանում է առողջական խնդիրների մասին և մեկնում առաջնագիծ:

«Վեշերը կապած, շորերը՝ պատրաստ դրած, թողեց-գնաց»,- հուզմունքով պատմում է կինը։

Վեներան հիշում է, որ սեպտեմբերի 30-ին ամուսինը վիրավոր զինվորի է հոսպիտալ բերել, կինը հորդորել է բժիշկներին զգուշացնել, որ ինքն էլ վատառողջ է, մնա հիվանդանցում, բուժումներ ստանա, սակայն ամուսինը չի համաձայնել: 

«Ասեցի՝ ասա, որ դու էլ ես վատ, իր բրոնխները ալերգիկ էր, որ մի քիչ մրսացնում էր, չէր կարում շունչ քաշեր, թոքերում կոշտացումներ էին կային, պիտի բուժվեր, որ նորմալ շնչեր: Ասեցի՝ ասա, որ պրոբլեմ ունես, ասեց՝ չէ՛, ես ո՞նց զինվորին թողնեմ, հայրենիքս թողնեմ, գնամ առողջությամբ զբաղվեմ։ Էդպես գնաց ու չեկավ…»- ցավով ասում է Վեներան։

Արման Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին զոհվել է Կարմիր Շուկայում հրետանու հարվածից։

«Հոկտեմբերի 12-ին է զոհվել, մենք 14-ին իմացանք… Երկու օր լուր չունեինք, իր մարտական ընկերն ա հայտնել, իրենից մի 10 մետր հեռու ա եղել, որ դեպքը պատահել ա։ Որ իմացանք, մեզ համար շոկ էր, մինչև հիմա էլ շոկ ա, չեմ համակերպվում»,- կսկիծով ասում է Վեներան։

Ընտանիքին նվիրված, բարի, ազնիվ, պարզ ու կատակասեր մարդ էր Արմանը՝ ասում է կինը:

Կնոջ խոսքով՝ պատերազմն իրենց կյանքը շրջել է 180 աստիճանով, բոլոր երազանքները մնացին կիսատ: 

«Մինչև պատերազմը մեզ համար ապրում էինք, ոչ մեկից պակաս չէինք։ Երազանքներ շատ ունեինք, երազանքները հիմնականում երեխաների հետ էին կապված, աղջիկ ու տղա ունենք, մտածում էինք՝ երեխաները լավ կրթություն ստանան։ 

Ամուսինս ասում էր՝ որ զինվորական ծառայությունն ավարտի, կգա դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ կաշխատի, ասում էր՝ պարապ չեմ մնա, երեխեքին կհասցնենք իրենց նպատակին։ Արդեն երկու պարտականություն եմ վերցրել ինձ վրա՝ մոր և հոր»։

Կինը նշում է, որ ապրում է հուշերով ու անընդմեջ սպասումով, որ ամուսինը վերադառնալու է, ասում է՝ աչքը միշտ ճանապարհին է: 

«Անասելի խոր ցավ եմ ապրում, կսկիծը կոկորդս խեղդում է։ Ամեն օր նրա գալուն ենք սպասում, չենք հավատում, որ ինքը երբեք հետ չի գա»,- ասում է Վեներան ու հուզվում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am