Հայաստանը և Իրանն ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացիկ համատեղ հայտ.ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակվում են դարեր ի վեր՝ ժամանակի հետ միայն ամրապնդվելով և խորանալով:

«Դրա մասին վկայում են իրականացվող և նախատեսվելիք ծրագրերը. մասնավորապես՝ առկա է մշակութային ժառանգության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ հայտեր պատրաստելու փորձ. այս պահին ունենք ընթացիկ մեկ հայտ: Ընդհանուր ժառանգության պահպանման լավ օրինակ է Երևանի սրտում գտնվող Կապույտ մզկիթը»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ Հայաստանը մասնակցում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության և ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու գործընթացին:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը՝ Ալֆրեդ Քոչարյանը փաստել է, որ Իրանի քաղաքացիները զբաղեցնում են 3-րդ տեղը Հայաստան կատարած այցելություններով: Նրա խոսքով՝ այս ամենին նպաստում են նաև ցուցահանդեսները, որոնց կողմերը մասնակցում են փոխադարձ սկզբունքով: Փոխնախարարը հավաստիացրել է՝ հայկական կողմը պատրաստ է քննարկել նոր նախագծեր և նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը:

Ըստ աղբյուրի՝ Ահմադ Համզեզադեն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև սերտ կապը բազմադարյա պատմություն ունի: Նրա խոսքով՝ Իրանի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն է զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ, որի համար կապող օղակ են սահմանակից նահանգները: Ահմադ Համզեզադեի խոսքով՝ Արևելյան Ատրպատականը Իրանի խոշորագույն նահանգներից մեկն է, որտեղ բազմաթիվ արդյունավետ նախագծեր են իրականացվում հարևան երկրների հետ: Նա տեղեկացրել է, որ նահանգում առկա է մշակութային ժառանգության շուրջ 4000 օբյեկտ, որից 4-ն համաշխարհային հաստատում են ստացել, այդ թվում՝ 5 եկեղեցիներ՝ Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադեի, Սուրբ Մարիամի և այն:

«Բոլոր այս եկեղեցիների պահպանման աշխատանքներն իրականացնում ենք Թավրիզի հայ համայնքի հետ համագործակցությամբ, և դա վառ ապացույց է՝ ինչքան մեզ համար կարևոր է հայկական մշակութային ժառանգությունը: Որևէ տարբերություն չկա՝ դրանք հայկական են, թե իրանական. այդ կոթողները պատկանում են համայն աշխարհին»,- նշել է նա՝ հավելելով, որ Թավրիզի հայ համայնքի հետ իրականացվում է նաև ավելի քան 150 կտոր գրավոր ժառանգության վերամշակման գործընթաց՝ հայկական թանգարանում դրանք տեղակայելու նպատակով:

«Նա նաև առաջարկել է կազմակերպել փոխադարձ այցելություններ երկու երկրների՝ համաշխարհային հաստատում ստացած եկեղեցիներ՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար: Ահմադ Համզեզադեն շնորհակալություն է հայտնել Մատենադարանում  իրանական գրականության, ինչպես նաև Կապույտ մզկիթի պահպանման համար: Նա առաջարկել է համատեղ ուժերով հասնել մզկիթի՝ համաշխարհային հաստատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:   

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Իրանում հայկական մշակույթի պահպանության համար. «Մշակութային ժառանգությունը չունի ազգություն. այն համաշխարհային է և բոլորինս է: Նույն մոտեցումը մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք նաև Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման համար»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև թանգարանային, արծաթագործության, ձեռարվեստի և հուշարձանների վերականգնման ու պահպանության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությանն առնչվող հարցեր: