Հայկ Խանումյանը կդադարեցնի զբաղեցնել նախարարի պաշտոնը

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ արցախցիներ,
Նոյեմբերի 23-ին, մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո, կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի:

Կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է և այն զգում է բոլորիս աջակցության կարիքը: Արցախի կառավարության ձախողումը, անկախ կազմից, կարող է ճակատագրական լինել ամբողջ հայության համար:

Հետևաբար Արցախի կառավարությունը կարիք ունի ամբողջ հայության աջակցությանը: Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ նախագահին և կառավարության գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:


Երախտապարտ եմ նախարարության և ենթակա կառույցների բոլոր աշխատակիցներին ճգնաժամային ու վերականգնման ժամանակաշրջանում այս ծանր բեռն իրենց ուսերին կրելու համար:

Մենք աշխատել ենք՝ առանց ուշադրություն դարձնելու բազմաթիվ հարձակումներին, անարդար թիրախավորմանը, նախարարի ու նախարարության դեմ կազմակերպված արշավներին, իրենց պետական ինստիտուտների տեղ դրած թայֆաների կողմից ստեղծված շինծու քրեական գործերին:


Շարունակում եմ գործել հանուն մեծ նպատակի՝ ուղղված Արցախը հայկական սուվերենության ներքո պահելուն»: