Կոմիտաս Վարդապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկելու են «Կոմիտաս» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոնով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:
«Այս տարի, Կոմիտասի 151-ամյակին նվիրված միջոցառումներն անց են կացվելու հեռուստատեսային ձևաչափով: Նախատեսված է 4 համերգ և լինելու է գիտական աշխատաժողով: Բացման համերգը հնարավոր կլինի դիտել այսօր երեկոյան ժամը 22:30-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունենալու բոլոր պետական երգչախմբերը և մեկ մենակատար՝ Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև դաշնակահար Հայկ Մելիքյանը»,- նշեց Կոստանդյանը:
Հաջորդիվ լինելու է 2 դաշնամուրային համերգ՝ պրոֆեսորներ Արմեն Բաբախանյանի և Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ:
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունն անց է կացվելու Հառիճավանքում, որտեղ կհնչի Կոմիտաս պատարագը Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, որը ղեկավարելու է Ռոբերտ Մլքեյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան նշեց, որ Կոմիտասը հոգևոր կենսագրության այն դեմքն է, ում գործունեությունն ու ժառանգությունը պետական քաղաքականության մեջ չի կարող պայմանավորված լինել զուտ հոբելյանական իրադարձություններով:
«Կոմիտասը մեր հոգևոր կեցությունն ու էությունն է, մեր երաժշտական աղոթքն է: Մենք մշտապես պետք է աշխատենք Վարդապետի ժառանգության հանրայնացման և միջազգայնացման ուղղությամբ»,- ասաց Խզմալյանը:
Վարդապետի ծննդյան 151-ամյակին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Արա Խզմալյանը և մի խումբ մտավորականներ ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի շիրմին, մատուցվեց հոգեհանգստի կարգ։
Թանգարանում հնչեց նաև ավանդական զանգը՝ ազդարարելով հոբելյանական միջոցառումների մեկնարկը: