«Մտածել էր գրքի վերնագիրը «Թռիչք» դնել, մնաց Անավարտ թռիչք․․․». Որդեկորույս մայր՝ «սկզբում շոկի մեջ էի, հիմա ցավին դիմանալ չեմ կարող»

Ջիու ջիթսու մարտարվեստում Հայաստանում և տարբեր երկրներում հաղթանակներ գրանցած, ջիու ջիթսուի մարզիչ Գարիկ Արևիկյանը բազմաթիվ նպատակներ ուներ ապագայի հետ կապված։ Մայրն ասում է՝ որդին օր ու գիշեր մարզվում էր, սովորում էր, մրցումներում հաղթում էր, ցանկանում էր սեփական մարզադպրոցն ունենալ, արտերկրում վերապատրաստվել։ 

«Բայց բոլոր նպատակները մնացին կիսատ»,- հուզմունքով ասում է մայրը՝ Հերմինե Արևիկյանը։

Գարիկ Արևիկյանը 2019-ին Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Մասնագիտական մանկավարժություն՝ ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժինը գերազանցությամբ ավարտելուց հետո զորակոչվել է ժամկետային ծառայության։ 

Ծառայել է Ջրականում որպես հրետանավոր, ծառայության ընթացքում արժանացել կրտսեր սերժանտի կոչման։ Տիրապետել է հրետանային մի շարք զինատեսակների, պատերազմի դաշտում եղել է ականանետի հաշվարկի հրամանատար և գնդացրորդ:

44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Ջրականի, Հադրութի, Վարանդայի, Մարտունու պաշտպանության համար մղվող ռազմական գործողություններին։ 

Գարիկի մայրը պատմում է, որ որդին և զինակից ընկերները Ջրականից Հադրութ հասնելիս Վարանդայում ընկել են շրջափակման մեջ, այդ ժամանակ կարողացել են փրկվել, այնուհետև Մարտունի են տեղափոխվել։ Մարտունիում էլ հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

«Իր ընկերը, որը փրկվել է, մեզ պատմեց, որ Մարտունիում իրենց հրամայել են նստել մեքենաներ ու շարժվել: Մի ավտոմեքենան բարեհաջող տեղ է հասել ու զեկուցել, որ հասել են։ Հետո իրենց հերթն է եղել, Գարիկը զգուշացրել է, որ անօդաչուն պտտվում է, բայց ասել են՝ բարձրացեք։ Ընկերը պատմում է, որ երբ ինքը ոտքը դրել է, որ բարձրանա, չի հասցրել, «Բայրաքթարը» խփել է, ինքը փրկվել է, բայց մեքենայի մեջ 17 տղա զոհվել է, այդ թվում՝ Գարիկս»,- հուզվում է որդեկորույս մայրը։

Հերմինեն ասում է՝ նոյեմբերի 1-ին զանգել են էջմիածնի դիահերձարանից, որ եթե տանը տղամարդ կա, մոտենա, ու քանի որ Գարիկի հայրը արտագնա աշխատանքից դեռ չէր վերադարձել, ինքն է գնացել և որդու մարմինը ճանաչել ։ 

«Սկզբում երևի ավելի շատ շոկի մեջ էի, հիմա ավելի ծանր է, չես կարող դիմանալ ցավին»,- արցունքների միջից ասում է Հերմինեն։

Մոր պատմելով՝ որդին հավասարակշիռ, հանգիստ բնավորություն ուներ։ Ասում է՝ չէր սիրում ցուցադրական գործողություններ անել։ Նվերներ, անակնկալներ անելիս էլ խուսափում էր աչքի ընկնելուց։

«Ինքը ծաղիկ նվիրելիս էր կընտրեր ձնծաղիկ կամ ուրիշ փոքրիկ ծաղկեփունջ, որը ծոցագրպանում կտեղավորվեր»,- ասում է Հերմինեն։

Գարիկի երազանքներից էլ գիրք գրել, որը կլիներ սպորտի մասին, այն տեխնիկայի, որն ինքը կիրառելով մեծ հաջողություններ է գրանցել, կպատմեր, թե ինչպես նիհար, ճկուն տղան դարձավ հաղթանդամ, 62 կգ քաշով կարողացել բազմաթիվ մրցումներում հաղթանակած լինել։

«Մտածել էր գրքի վերնագիրը «Թռիչք» դնել, մնաց Անավարտ թռիչք․․․»- ցավով ասում է մայրը։

Արդեն երկու տարի է՝ ինչ աշնանը Հայաստանում Գարիկի անունով ջիու ջիթսուի մրցումներ են անցկացվում, որին մասնակցում են Հայաստանի և արտերկրից եկած մարզիկներ։ Հաղթողներին էլ շնորհվում են Գարիկի անունով մեդալ։

Հերմինեն ասում է՝ ցավը ծանր է։ Ապրում է՝ որդու մասին հուշերով, նրա մասին պատմություններով։ Ասում է՝ հաճախ է տանը հյուրընկալում որդու սաներին, որոնք Երևանից գալիս են Գարիկի ծննդավայր՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղ, այցելում են պանթեոն, այնուհետև գյուղի դպրոցի մոտ գտնվող Գարիկի անունով հուշարձանի մոտ ծաղիկներ են խոնարհում ու այցելում Գարիկի ընտանիքի անդամներին․ «Հանդիպում ենք, զրուցում, Գարիկից փորձում են նոր բաներ իմանալ, հուզվում են»,- արտասուքի միջից ասում է որդեկորույս մայրը։ 

Գարիկ Արևիկյանը հուղարկավորված է ծննդավայրում՝ Փանիկ գյուղի զինվորական պանթեոնում։ 2021 թ. հունիսի 24֊ին Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի բակում տեղադրվել է ջիու ջիթսու մարտարվեստի մարզիկ, մարզիչ Գարիկ Արևիկյանին նվիրված հուշարձանը, իսկ մարզադահլիճը կոչվել է նրա անունով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Մարտական ծառայության, Արիության մեդալներով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am