Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ. Bloomberg

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել հրաժարական տալ արդեն մեկ շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իշխող Լեյբորիստական կուսակցության իր աղբյուրներին։

Պատճառը կառավարության կողմից ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում Փիթեր Մանդելսոնի նշանակումն է։ Հայտնի է, որ վերջինս կապեր է ունեցել մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ։

Սկանդալի ֆոնին փետրվարի 8-ին հրաժարական է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան ՄըքՍուինին։ Bloomberg-ի տվյալներով՝ իշխող կուսակցության ներսում ձևավորվում է ճնշում՝ Սթարմերի հրաժարականի պահանջով։ Որոշ աղբյուրներ նշում են, որ նա կարող է պաշտոնից հեռանալ արդեն մեկ շաբաթվա ընթացքում։

Լեյբորիստական կուսակցության ներսում արդեն իսկ սկսվել են քննարկումներ հնարավոր հաջորդ վարչապետի թեկնածության շուրջ։

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել էր, որ ունի ապացույցներ այն մասին, որ նա իր տանը կազմակերպել է տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ, որոնցից ամենափոքրը եղել է 14 տարեկան։

Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանում եղել են բազմաթիվ գործող և նախկին պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև այլ երկրներից, այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա մահվան (հայտարարված ինքնասպանության) պատճառով։