Ռոբերտ Քոչարյանի մանիպուլյացիաները «Գոլոս Արմենիի» հարցազրույցում. Fip.am

Ռոբերտ Քոչարյանի մանիպուլյացիաները «Գոլոս Արմենիի» հարցազրույցում. Fip.am
Ռոբերտ Քոչարյանի մանիպուլյացիաները «Գոլոս Արմենիի» հարցազրույցում. Fip.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 30-ին հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» (Голос Армении) թերթին, որում հանդես է եկել մի շարք մանիպուլյատիվ և անհիմն պնդումներով։

Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, հարցազրույցում պնդում է, որ գործող իշխանությունները «փոխել են իրենց աշխարհաքաղաքական ուղղվածությունը մի գիշերում»։ Թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը՝ անհասկանալի է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածության էական փոփոխություններ չեն լինելու և Հայաստանը չի «պատրաստվում աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնել»։ 2018-ի ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո, իրոք, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը էականորեն չի փոխվել, և դրա փոփոխության հեռանկարների բացակայության մասին հայտարարում է հենց Փաշինյանը։

Իսկ ինչ վերաբերում է հիշելի անցյալում մեկ գիշերվա ընթացքում արտաքին քաղաքական ուղղվածությունը փոփոխելուն, ապա այդպիսի բան արել է միայն 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին։ Սարգսյանը Մոսկվայում այդ օրը անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, այնինչ մինչ այդ մի քանի տարի բանակցություններ էին գնում Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ, որը պետք է ստորագրվեր նույն տարվա նոյեմբերին։ Մեկ գիշերում Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը փոխելն ընդունել էր նաև ինքը՝ Սարգսյանը։ «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»,- ասել էր Սարգսյանը 2014-ի սեպտեմբերին՝ Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը։ 

«Գոլոս Արմենիի» հարցազրույցում Քոչարյանը նաև պնդում է, որ Փաշինյանի իշխանությունը «համառ ջանքեր» է գործադրում «հեղափոխությունն Արցախարտահանելու» և այնտեղ արտահերթ ընտրությունների հասնելու համար։ Հայաստանի իշխանությունները, սակայն, ի դեմս վարչապետ Փաշինյանի, ՀՀ-ում հեղափոխությունից հետո աջակցություն են հայտնել Բակո Սահակյանին։ 

Այսպես՝ երբ 2018-ի հունիսին Արցախում շարժում էր սկսվել նախագահ Բակո Սահակյանի դեմ, Փաշինյանն «անվերապահ աջակցություն» էր հայտնել նրան։ Սահակյանը, ի պատասխան, աջակցություն էր հայտնել Փաշինյանին։ 

Անհասկանալի է նաև այն, թե ինչ նկատի ունի Քոչարյանն Արցախում արտահերթ ընտրությունների մասին խոսելիս, քանի որ Փաշինյանի կառավարությունը երբևէ չի ակնարկել Արցախում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, ո՛չ էլ աջակցություն է հայտնել այնտեղի ընդդիմադիր գործիչների գործունեությանը։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am