«Երազումս տեսնում եմ, ասում ա՝ մա՛մ, բան չի մնացել, կգամ, էդ հույսն ա, որով ես ապրում եմ»․ 19-ամյա որդուն Արևիկը կորցրել է պատերազմում

«Հոկտեմբերի 30-ին գնում եմ եկեղեցի, մոմ վառում, որ երեխես զանգի, եկեղեցուց գալիս եմ տուն, մտնում երեխուս «Ինսթագրամը», տեսնեմ՝ իր ընկերներից մեկի «Ինսթագրամի» գլխավոր էջում գրված՝ «Աստված հոգիդ լուսավորի, ախպերս»։ Հետո իմանում եմ, որ մյուսները գիտեին, ինձ չէին ասել»,- հուզմունքով պատմում է Արևիկ Բաբայանը ու ցավով նշում, որ այդ օրը իմանում է նաև առաջնագծում եղբոր զոհվելու մասին։

«Սիրտս պայթում էր, չգիտեի՝ ինչ անեմ, անտանելի օրեր էին»։

Արևիկ Բաբայանի որդին՝ 19-ամյա Վիլեն Բաբայանը ժամկետային զինծառայող էր։ Ծառայությունն իրականացնում էր Մարտունի 3-ում։

Մայրն ասում է, որ տղան առաջնագծից վերջին անգամ իր հետ կապ է հաստատել հոկտեմբերի 26-ին։ Այդ օրվանից որդու հեռախոսն անհասանելի է դարձել։

«Հոկտեմբերի 26-ին երեք անգամ զանգեց, հաջորդ օրը զանգում եմ՝ անհասանելի ա, ամսի 28-ին զանգում եմ՝ էլի անհասանելի ա… 29-ին առավոտ շուտ ամուսինս ասում ա՝ ծանր վիրավոր ա։ 30-ին իմացա, որ զոհվել է»,- հուզմունքով պատմում է մայրը։

Վիլենը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավոր ընկերներին օգնության հասնելիս։ Վիլենի քույրը՝ 19-ամյա Մերին, պատմում է դեպքի մանրամասները․

«ԱԹՍ-ն մեքենայի էր հարվածել, վիրավորներ ու զոհեր կային, էդ ժամանակ ոչ մեկը սիրտ չէր արել, որ մտներ մեքենան։ Իմ ախպերը մտել ա՝ մենակ էնտեղից մի քանի հոգու դուրս ա բերել։ Մի ընկերոջն ասել ա՝ ջուր բեր, ընկերը գնացել ա ջրի: Արդեն իմացել են, որ ուրիշ ԱԹՍ էլ ա ուզում հարվածի, կապով զգուշացրել են, բայց կապը եղել ա ջուր բերող ընկերոջ մոտ, մինչ կհասներ, ԱԹՍ-ն արդեն հարվածել է»։

Վիլենը բարի էր, աշխատասեր էր, սիրում էր սկսած գործը երբեք կիսատ չթողնել։ Քույրն ասում է՝ եղբայրը ցանկանում էր բանակից գար, աշխատեր, տունը վերանորոգեր, ամուսնանար, ընտանիք կազմեր։

«Մինչև բանակ գնալը Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում տների ներքին հարդարում էր սովորել։ Աշխատեց, իր աշխատած գումարով մեր խոհանոցը նորոգեց, գնաց բանակ ու չեկավ․․․»- ցավով պատմում է քույրը։

Բաբայանները ոչ մի կերպ չեն ուզում հաշտվել, որ Վիլենն էլ չկա։

Մայրն ասում է՝ որդու մարմինը չի տեսել ու միշտ սպասում է, որ որդին շուտով կգա։

«Ես ոչ մի բանը չեմ տեսել։ Ես սպասում եմ, իմ ուղեղումս էդ ա։ Երազումս տեսնում եմ, ասում ա՝ մա՛մ, բան չի մնացել, կգամ, էդ հույսն ա, որով ես ապրում եմ։ Գիտեմ, թե ծառայության մեջ ա»,- ասում է ու կրկին հուզվում որդեկորույս մայրը։

Քույրն ասում է՝ Վիլենը չէր սիրում լացն ու արտասուքը, այդ պատճառով փորձում են շատ լաց չլինել, այլ հիշել իր հետ կապված հումորային դեպքերը։

«Երբ իր ընկերները գալիս են մեր տուն, սկսում եմ պատմել՝ ինչ ծիծաղելի դեպքեր են եղել, եղբայրս չէր սիրում, որ մենք լաց էինք լինում, ինքը ծիծաղն էր սիրում։ Դժվար է, բայց փորձում ենք չլացել»,- հուզմունքնով ասում է քույրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am