Բարձրացվել է նաև ռազմագերիների անհապաղ ազատման հարցը՝ «բոլոր բոլորի դիմաց» սկզբունքով․ Մ․ Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Այսօր Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումը ՌԴ Պետական Դումայի նախագահ պարոն Վ. Վոլոդինի և Դումայի ղեկավար այլ պաշտոնյաների հետ։ Քննարկվեցին հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլում ամենամեծ հրատապություն ունեցող բազմաթիվ հարցեր։

Մասնավորապես, Միքայել Մելքումյանը բարձրացրեց Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզում և այլ սահմանամերձ տարածքներում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ադրբեջանական զինուժի և տեխնիկայի ապօրինի ներխուժման հարցը և ռազմավարական գործընկերոջ առջև խնդիր բաձրացրեց հրատապ կերպով միջամտել՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Մ. Մելքումյանը նշեց՝ «Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն։»
Միքայել Մելքումյանը նշեց նաև, որ ըստ ստացված տեղեկությունների` 19 հայ ռազմագերիներ խոշտանգվել և սպանվել են Ադրբեջանում։

Բարձրացվեց նաև ռազմագերիների անհապաղ ազատման հարցը՝ «բոլոր բոլորի դիմաց» սկզբունքով, համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի։

ՌԴ Պետական Դումայի նախագահ Պարոն Վ. Վոլոդինը հանձնարարեց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ պարոն Լ. Կալաշնիկովին, որպեսզի ՀԱՊԿ առաջիկա խորհրդաժողովին նախապատրաստվի համապատասխան փաստաթուղթ։ Պարոն Լ. Կալաշնիկովին հանձնարարվել է այդ ուղությամբ աշխատել Հայաստանի Հանրապետության, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների պառլամենտների, ինչպես նաև նաև՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հետ։

Պարոն Վ. Վոլոդինի կողմից բարձրացվեց նաև ռուսական դպրոցների և ռուսերեն լեզվի հարցը։ Մ.Մելքումյանը հատուկ ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանն այն խոստումը, որ տվել էր դեռևս տարիներ առաջ, կատարել է. Աբովյանում կառուցվում է բնակելի թաղամաս, դրված են նաև ռուսական դպրոցի շենքի հիմքերը, սակայն ինչ-ինչ անհասկանալի պատճառներով կասեցված է այս ամենի շինարարությունը, որը որևէ լուրջ բացատրություն չունի։ Այդ մասին բավականին լուրջ խոսակցություն գնաց ամենաբարձր մակարդակով։ Ռուսական կողմը լրջորեն կարևորում է ռուսական դպրոցների ընդլայնման հարցը Հայաստանում։

Այնուհետև Միքայել Մելքումյանը հանդիպում ունեցավ ՌԴ Պետական Դումայի իր գործընկեր՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ պարոն Լ. Կալաշնիկովի հետ։ Քննարկվեցին հայ ռազմագերիների հարցը, Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերը և ստեղծված իրավիճակը։ Պարոն Լ. Կալաշնիկովը խոստացավ ակտիվ միջամտել այդ հարցերի լուծմանը:»