ՀՀԿ-ի երիտասարդները միջոցառում են անցկացրել «Հաղթանակ» զբոսայգում. Իրականացրել են մոմավառություն

Հեղինակ MediaLab

Սույն թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց միջոցառում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին: 

«Սա մեր բոլորիս հաղթանակն է և մենք մեծ հպարտությամբ հիշում ենք հայ ժողովրդի անուրանալի դերակատուրումը այդ հերոսական հաղթանակի կերտման գործում։

Չմոռանանք, որ հայ ժողովուրդը Մեծ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին՝ Խորհրդային Միության հանրապետությունների շարքում ըստ բնակչության թվի ունենալով ամենաշատ մասնակիցները՝ Խորհրդային Հայաստանի բնակչության շուրջ 20%-ը:

Ավելի քան 70.000 հայեր պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 107-ը՝ ստացել են Խորհրդային Միության հերոսի, 64-ը՝ գեներալի և 5-ը՝ մարշալի կոչում: Նշեմ, որ այսօր զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ Հերոս Համազասպ Բաբաջանյանի ծննդյան օրն է», – ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։  

Միջոցառումն անցկացվել է «Հաղթանակ» զբոսայգում՝ Անմար կրակի մոտ։ Երիտասարդներն, իրենց ձեռքերում պահելով «ԽՍՀՄ Հերոս» և «Փառքի համար» շքանշանի բոլոր երեք աստիճանի ասպետների լուսանկարները, իրականացրել են մոմավառություն։

Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքը: