Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով դատարանը չի դիմի ՍԴ.Factor

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը. անձեռմխելիության հաղթահարման իրավական հարցի հիմքով դատարանը չի դիմի Սահմանադրական դատարան։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Հիշեցնենք՝ երեկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։

Միջնորդության հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Արմեն Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, գործող կարգավորումների համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, սակայն գործող կարգավորումները չեն նախատեսում արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման շարունակության համաձայնություն ստանալու կառուցակարգ, ընթացակարգ, միևնույն ժամանակ, սահմանադրական նորմը նախատեսում է բոլոր իրավիճակների վրա տարածվող անձնական անձեռնմխելիություն։

Ըստ դատարանի որոշման՝ այս պահին Բարձր դատարան դիմելու որևէ անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: