Հրկիզված հայտնաբերված Կարմիր Շուկայի բնակչի վերաբերյալ Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել

Սույն թվականի մարտի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ․Պ․ն նախորդ օրը տնից դուրս է եկել և չի վերադարձել։

Արցախի դատախազությունից տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Վ․Պ-ի հրկիզված դին հայտնաբերվել է նույն համայնքի վարչական տարածք հանդիսացող կոչվող տեղամասում, որը գյուղի՝ առաջնագծից ամենամեծ հեռավորության վրա գտնվող վայրերից է:

Նկարագրված դեպքի կապակցությամբ 21․03․2021թ․ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։

Ըստ նախնական տվյալների` հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վ.Պ.-ն գտնվում էր հոգեճնշող վիճակում, ուշ-ուշ էր դուրս գալիս տնից, ծանր էր տանում 2020թ. սեպտեմբեր ամսից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում եղբոր որդու զոհվելու փաստը և հատկապես դյուրագրգիռ էր դարձել զոհված հարազատի վերաբերյալ հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը դիտելուց հետո:

«Հաշվի առնելով սույն դեպքի կապակցությամբ զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվող տարբեր մեկնաբանությունները, հավաստիացնում ենք, որ նախաքննության ընթացքում առաջ են քաշվելու և քննության են առնվելու դեպքի հնարավոր բոլոր վարկածները, որոնց արդյունքների մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Սակայն նախքան քրեական գործի մինչդատական վարույթի ավարտը խնդրում և հորդորում ենք` չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ անձնական այնպիսի մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքներով ու կարող են հանրության մոտ չհիմնավորված խուճապի և մտահոգության պատճառ հանդիսանալ», -նշվում է Արցախի դատախազության հայտարարության մեջ: