Արտակարգ դրության պայմանների խախտման համար կազմվել է ավելի քան 10 հազար վարչական արձանագրություն

Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոները խախտելու համար կազմվել է 10 հազար 377 վարչական արձանագրություն, որից 82-ը՝ ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակումների կանոնները խախտելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Ազատ տեղաշարժի կանոնները խախտելու համար կազմվել է 10269 վարչական արձանագրություն և 26՝ ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար։ Ընդհանուր առմամբ կազմված 10 հազար 377 արձանագրությունից 6706-ի դեպքով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում։ 35 դեպքով վարչական վարույթները կարճվել են, 3636 դեպքով վարույթները դեռևս գտնվում են ընթացքի մեջ»,- նշեց Մհրյանը։

Նրա խոսքով՝ արտակարգ դրության օրերին ՀՀ ոստիկանության ծառայողները հսկողություն են սահմանել 2348 ինքնամեկուսացված անձի նկատմամբ՝ նրանց շփումները և տեղաշարժը սահմանափակելու համար։